Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կտրիճ Ներսիսյանը դեռեւս 2024–ին ֆեյքերեցների գունդ է ձեւավորել,- գրում է «Զարկերակը»։ Araratnews-ը ներկայացնում է նյութն ամբողջությամբ։

Կտրիճ Ներսիսյանը դեռեւս 2024–ին ֆեյքերեցների գունդ է ձեւավորել

Կտրիճ Ներսիսյանը դեռեւս 2024–ին ֆեյքերեցների գունդ է ձեւավորել: 

Վերջին ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նկատվում է եկեղեցական ներքին ճգնաժամի նոր փուլ, որի խորքում ոչ միայն հոգևոր առաջնորդության տապալումն է, այլև քաղաքական գործընթացների մեջ ակտիվ ներգրավվածության անթաքույց փորձը մի կողմից, վարչապետ Փաշինյանի՝ Եկեղեցին պղծաբարո հոգևորականներից մաքրելու նախաձեռնությունը՝ մյուս կողմից։

Քահանա, որը բարձրաձայնեց

Երեք հրապարակումների միջոցով հանդես եկած մի քահանա՝ առանց անուններ նշելու, սակայն խիստ փաստարկված և ուղղամիտ կերպով, բարձրաձայնել է եկեղեցու ներսում տարիներով արմատացած խնդիրների մասին։ Նրա խոսքը դուրս է եկել արդեն սովորական դարձած անձնական վիրավորանքի սահմաններից և վերածվել է համակարգային անառողջ վիճակների բացահայտման կոչի՝ ոտնահարված արժանապատվության, անպատժելիության և վերջապես՝ կեղծ բարեպաշտության և քաղաքական համակրություններով գործելու հակականոնական հրահանգների վերանայման պահանջով։

Նա կոչ է արել վերականգնել հոգևորականների իրավունքները, հակազդել խտրականությանը՝ հատկապես ամուսնացած քահանաների հանդեպ, և կասեցնել աղաղակող ապօրինությունները, որոնք քողարկվում են եկեղեցու ներքին կարգապահության և հնազանդության շղարշի ներքո։

Սակայն այդ ճշմարտությունը բարձրաձայնելու հետևանքները չեն ուշացել։ Բարձրագույն եկեղեցական իշխանության կողմից իբրև պատասխան՝ չեն հնչել սրտագին աղոթք կամ եղբայրական ջերմ մթնոլորտում խնդիրները լուծելու տրամադրության դրսևորումներ, այլ փորձ է արվել լռեցնել նրան՝ ճնշման, սպառնալիքի և ներքին մեկուսացման ճանապարհով։

Տեր Արամի բարձրաձայնած խնդիրների ուսումնասիրման ընթացքում հանդիպեցինք և բացահայտեցինք ևս մեկ զազրելի երևույթ, որի լրջագույն ուսումնասիրություն կբացահայտի երրորդ հանրապետության մեջ թերևս ամենանողկալի հակապետական գործունեության կարևոր մի դրվագ։

Ահա թե ինչ բացահայտվեց այդ ընթացքում մինչ համարձակ քահանան ծառանում էր իր խոսքով ասած «ծովածավալ անարդարությունների» դեմ փորձելով երկխոսել սիրո, համերաշխության և կանոնի լեզվով։

Թելեգրամյան գաղտնի չատը կամ Գեբելսի խմբակը

Դեռեւս 2024 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրահանգով ստեղծվել է մի թելեգրամյան փակ խումբ, որին անդամակցում են քահանաներ Հայաստանի բոլոր թեմերից։

Քահանաների ընտրությունը կատարվել է անձամբ Կտրիճ Ներսիսյանի կողմից։ Խմբի մեջ ընդգրկվել են արդեն իրենց վստահելիությունը հակակառավարական գործունեությամբ փաստած քահանաներ, ինչպիսիք են օրինակ՝ Սյունյաց թեմի քահանաներ Տ. Ահարոն Մելքումյանը, Տ. Պարգև Զեյնալյանը, Կոտայքի թեմի Տ Սմբատ Սարգսյանը և այլն։ 

Ըստ վստահելի աղբյուրների, խմբի առաջին հանդիպումը կայացել է հենց Մայր Աթոռի Վեհարանում։ Ի դեպ, քահանաներին չի ասվել, որ լինելու է հանդիպում կաթողիկոսի հետ, խաբել ասել են, որ հանդիպումը լինելու է տեղեկատվական համակարգի գրասենյակում, քննարկելու համար, թե ինչպես կարելի է սոցցանցերն օգտագործել արդյունավետ քարոզչության համար։ Քահանաներից նախապես հավաքվել են հեռախոսները, և այդ փակ նիստի ընթացքում հնչել են բացառապես հակակառավարական, հաճախ՝ նաև հակապետական ուղերձներ։

Գլխավոր խոսքը, ըստ նույն աղբյուրների, ունեցել է հենց Գարեգին Բ–ն՝ շեշտելով.

«Հայ Եկեղեցին իր ամբողջ ռեսուրսով պետք է կեղծ լուրեր տարածի  Ն․ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների, իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց մասին, ում վերաբերյալ հրահանգ կիջեցվի Կտրիճ Ներսիսյանի կողմից։  

Այս ուղերձը փաստացի դուրս է գալիս Մայր Աթոռի կանոնական-իրավական թույլատրելի գործունեության և առաքելության շրջանակներից և միանշանակ քաղաքական հրահանգ է՝ ուղղված գործող՝ ժողովրդի իշխանության դեմ։

Վաճառվող «նախանձախնդրություն», թե՞ վճարվող «անձնվիրություն»

Թելեգրամյան խմբի հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Արարատյան Հայրապետական թեմում, որը վարել են Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի պետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Համբարձում Դանիելյանը։ Հնչել են նույնաբովանդակ հրահանգներ ինչ նախորդ՝ անդրանիկ հավաքի ժամանակ, այն է՝ քաղաքական հակազդեցության ակտիվացման, համակարգված գրոհների և սոցցանցերում սադրիչ վարքագծի մասին։

Այս հանդիպման ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, քահանաներից մի քանիսը բարձրաձայնել են դրամական աջակցություն ստանալու ակնկալիքի մասին՝ որպես իրենց «ծառայության» դիմաց արդար փոխհատուցում։ Շիրակի թեմից Տեր Նշան Պանֆյորովը դժգոհել է, որ նման հավաքների պատճառով ստիպված կրում է նյութական կորուստներ նախ՝ իր գրպանից ճանապարհածախս վճարելով և, երկրորդ, զրկվում է ծեսերից ստացվող եկամուտից։

Խմբի երրորդ հավաքը տեղի է ունեցել Մասյացոտնի թեմում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասնակցությամբ։ Հնչել են հակապետական բնույթի նոր հրահանգներ, մեթոդական ցուցումներ՝ սոցցանցերում «ֆեյքային գրոհներ» կազմակերպելու, իրականացնելու, հանրային տրամադրությունների վրա ազդելու, հավատացյալներին մանիպուլացնելու և առհասարակ ժողովրդի կարծիքը շեղելու տրամաբանությամբ։

«սրբազան» քողի տակ

Այս ամբողջ գործընթացում առաջ են գալիս նույն անունները՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Տեր Համբարձում Դանիելյան։ Նրանք ակտիվ ներգրավված են քաղաքական ներշնչմամբ իրականացվող համացանցային հարձակումների համակարգման մեջ՝ ֆեյք հաշիվների, անանուն էջերի և մանիպուլյացիոն մեթոդների կիրառմամբ։

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր ողջ պաշտոնավարման ընթացքում թե վարչատնտեսական բաժնի պետի պաշտոնում և թե Մայր Տաճարի լուսարարապետի պաշտոնում իրեն չի դրսևորել որևէ օգտակար հատկանիշով։ Քծնանք, բամբասանք, աշխատողների նկատմամբ կիրառվող կապրիզներ, միաբաններին նկատողություններ, աշխատավարձերի պահումներ. ահա ընկեր Բաբայանին լավագույնս նկարագրող բնութագրիչները։

Տեր Համբարձում Դանիելյանը ֆեյքային պրոֆիլների և այլ կեղծ օգտահաշիվների թիկունքում թաքնված ամենազազրելի լուտանքներ արտադրող և տիրաժավորող անգերազանցելի վարպետ է։ 

Անշուշտ այս մերօրյա գեբելսիկների խմբակն ունի նաև այլ համակարգող-պարագլուխներ, որոնք նույնիսկ իրենց ընտանիքների բարոյական վարքագիծը չեն կարողանում ապահովել, անշուշտ խմբակի մեջ ներառված քահանաների ցանկն աչքի անցկացնող յուրաքանչյուր ոք կհասկանա, թե խոսքն ում մասին է։

Այն, որ Մայր Աթոռի գործերը ամենաձախող կերպով վարող և ամեն կերպ քննադատություններին և բարձրաձայնված ապօրինություններին պատասխան, դրական լուծում տալուց խուսափող պաշտոնյաները վաղուց են լծվել ֆեյքային գրոհների մարտավարությանն, այլևս ոչ մեկի համար նորություն չէ։ Նույնիսկ իրենք են հրճվում իրենց թշվառ վիճակի մասին խոսելիս։  

Ֆեյքերեցների գնդի անդամները ըստ թեմերի

Թելեգրամյան խմբի անդամները, ըստ առկա տեղեկատվության, ներառում են Հայաստանյան բոլոր թեմերից ընտրված երկուական քահանաներ՝

Արարատյան թեմ – Պետրոս ավագ քահանա Մալյան (Նարեկ Մալյանի հայրը), Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Արագածոտնի թեմ – Մուշե քահանա Վահանյան, Փառեն քահանա Առաքելյան

Մասյացոտնի թեմ – Ղազար քահանա Թորոսյան, Պողոս քահանա Միքայելյան

Գուգարաց թեմ – Վահան քահանա Ազարյան, Միքայել քահանա Շաղոյան

Արմավիրի թեմ – Ներսես քահանա Ռուշանյան, Ահարոն քահանա Գրիգորյան

Գեղարքունիքի թեմ – Ստեփանոս քահանա Իգնաթևոսյան, Սիմեոն քահանա Հովհաննիսյան

Տավուշի թեմ – Արամ քահանա Միրզոյան, Աբել քահանա Քարտաշյան

Վայոց ձորի թեմ –Ներսես քահանա Աշուղբաբյան, Արամ քահան Կարապետյան

Շիրակի թեմ – Նշան քահանա Պանֆյորով, Նարեկ քահանա Անտոնյան

Կոտայքի թեմ – Սահակ քահանա Սահակյան, Սմբատ քահանա Սարգսյան

Սյունիքի թեմ – Ահարոն քահանա Մելքումյան, Պարգև քահանա Զեյնալյան

Արթիկի թեմ – Վիգեն քահանա Ղազարյան, Լևոն քահանա Հովհաննիսյան

Թեմերից զատ ցուցակում ընդգրկվելու պատվին են արժանացել նաև Առնակ քահանա Հարությունյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցուց,

Եվ Մայր Աթոռից համակարգողներ՝ Եսայի քահանա Արթենյան, Համբարձում քահանա Դանիելյան։

Պետությանը և ժողովրդին հայտարարված ֆեյքային պատերազմում անմասն չեն և ակտիվորեն ընդհատակյա հրամանատարական աշխատանք են իրականացնում նաև տարբեր տերերից հրահանգավորվող Վահրամ ավագ քահանա Մելիքյանը, Արարատ քահանա Պողոսյանը, Գաբրիել քահանա Վարդանյանը, տարատեսակ խոշոր և միջին միաբաններ և օժանդակ քահանաներ իրենց երեցկանանցով և ընտանիքի անդամներով։

Եզրակացություն

Այս ամենի ֆոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լռությունը լեգիտիմացնում է այն մտահոգությունը, որ կառույցը, իր բարձրագույն հոգևոր ղեկավարությամբ, քաղաքական փաթեթավորմամբ անթաքույց կերպով ներքաշված է հակապետական գործընթացների մեջ։ Սա լրջագույն հարված է ոչ միայն եկեղեցու հեղինակությանը, այլ նաև հավատացյալ ժողովրդի հոգևոր անդորրին՝ նվիրական զգացումներին։

Այն քահանան, ով խոսեց՝ մերժեց լռության թատրոնը համուն ճշմարտության ձայնի, ով մերժեց կուրորեն ենթարկվել վերադասի անօրեն հրահանգներին և ընտրեց ուղղախոսության պատասխանատու ուղին արժանի է միայն համակրանքի։ Իսկ նրանք, ովքեր քահանային պատասխանում են ճնշմամբ, կաշառքով և «լռեցման գեբելսյան խմբերով», ըստ ամենայնի՝ վախենում են հենց ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ։

Եկեղեցին, որ կոչված է լինել հաշտեցման, միաբանության ու սիրո կենտրոն, իրավունք չունի վերածվելու քաղաքական քարոզչամեքենայի։

Եթե եկեղեցական իշխանություններն այլ կարծիք ունեն աղոթքի և փրկության տան մասին, ապա իսկապես բոլորիս մտահոգվելու ժամանակն է․․․

Հեղինակ՝ Մկրտիչ Իսրայելյան

 

349