
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բարեկամ ժողովրդին` Տաջիկստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Տաջիկստանի Հանրապետության պետական անկախության հռչակմանը հաջորդած ժամանակահատվածը լի էր պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ու հանրային համերաշխության հաստատմանն ուղղված` Ձեր կողմից առաջմղվող հետևողական բարեփոխումներով:
Համոզված եմ, որ մեր ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթները հետագայում ևս կշարունակեն նպաստել երկու պետությունների միջև փոխգործակցության խորացմանը։
Լիահույս եմ, որ Հայաստան–Տաջիկստան միջպետական հարաբերությունների օրակարգային հարցերն առիթ կունենաք քննարկելու Դուշանբեում նախատեսված բազմակողմ միջոցառումների շրջանակներում։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ Տաջիկստանի բարեկամ ժողովրդի բարօրության ու խաղաղության»: