Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից:

Միջոցառմանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով արդար մրցակցության ապահովման կարևորությունը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մրցակցային քաղաքականության արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով։

«Միջազգային ինտեգրումը հանձնաժողովի համար ռազմավարական ուղղություն է: Մենք հանձնառու ենք խորացնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր գիտելիքներով և սովորել ուրիշներից: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի մրցունակ, արդար և դիմացկուն շուկաներ, որոնք կբավարարեն այսօրվա և վաղվա պահանջներին։ Միասին մենք ոչ միայն պարզապես վերահսկում ենք, որպեսզի շուկայում կանոնները պահպանվեն, այլև ձևավորում ենք տնտեսության ապագան»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։

Այցի շրջանակներում ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական ադմինստրացիայի նախարար Լուո Վընի միջև տեղի է ունեցել ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրված օրինակների փոխանակում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում:

104