
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Պամելա Քոուլին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերն անդրադարձել են 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին՝ նախանշելով առաջիկա անելիքները:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը և վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը նոր՝ Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Միացյալ Թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։