Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցեր ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
Նա փորձեց ճշտել, թե կապիտալ շինարարության համար Եվրասիական բանկից վերցրած գումարների որ հատվածն է գնում Հյուսիս-Հարավ ծրագրին՝ նշելով, որ դրա օգուտները միայն 10-15 տարում կզգացվեն։
Սուքիասյանը նաև հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք մի ծավալ, որը ավելի արագ է գեներացվելու։ Նա բերեց ջրամբարների օրինակը, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգել շուրջ 5000 հեկտար հողատարածք։
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր ԵԱՏՄ-ին։ Նա նշեց, որ հաճախ Հայաստանի կամ Ռուսաստանի սահմանին մեր վարորդները ստիպված են երկար սպասել, ինչի հետևանքով տնտեսվարողները կորուստներ են ունենում։
«Արդյոք, երբ բաժանվում են մաքսային եկամուտները, որոշակի փոխհատուցում տրվո՞ւմ է այն կազմակերպություններին, որոնք տուժել են այդ պատճառով։ Մեր նպատակը պետք է լինի ազատ տրանսպորտային ուղիների արդյունավետ աշխատանքը, որպեսզի ապրանքը ավելի արագ հասնի մի երկրից մյուսը»,- ասաց Սուքիասյանը։
Նա հավելեց, որ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է լինեն ավելի կարգապահ միմյանց նկատմամբ, քանի որ սա մեկ ընտանիք է, մեկ կազմակերպություն, որտեղ օրենքներ և կանոնակարգեր են ընդունվում։
«Կարգապահության մասով, եթե խախտում է լինում, պետք է նախատեսվեն ֆինանսական տույժեր։ Սա կարգավորող առաջարկ է, որպեսզի հասկանան՝ չի կարելի նման բաները կապել այլ հարցերի հետ։ Բացի այդ, քանի որ դուք եք Ֆինանսների նախարարը, պետք է թույլ չտաք վճարումներ այնպիսի ծրագրերի համար, որտեղից որևէ արդյունք կամ օգուտ չկա, բացի վնասից»,- ընդգծեց պատգամավորը։