Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե մեր նպատակը զեկույց ունենալն էր, ապա այժմ այն արդեն պատրաստ է։ Այս սկզբունքով՝ որպես քննիչ հանձնաժողովի նախագահ, ես այն ուղարկել եմ ԱԺ նախագահին, և ենթադրվում էր, որ այն պետք է ներկայացվի լիագումար նիստերի քննարկմանը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
«Կարծում եմ՝ զեկույցը լավ կլիներ, որ բոլորը կարդային, որովհետև այդ աշխատանքը հիմա գտնվում է ԱԺ առաջին բաժնում»,- ասաց նա՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:
Քոչարյանի խոսքով՝ պետք է որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական այն կառույցներին, որոնք որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան: Խոսքը առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության մասին է:
«Որովհետև այդ ամբողջը մեկտեղված է այս շենքում, ուրիշ տեղ չկա, որ այդ ամբողջը դրված լինի: Այդ արխիվը կարևոր է: Հետևանքներն ու այն եզրակացությունը, որը ներառված է անձամբ իմ զեկույցի վերջին մասում՝ 45 կետից բաղկացած, շատ կարևոր են, որպեսզի դասեր քաղենք, թե ինչ է եղել»,- նշեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, Քոչարյանը հիշեցրեց՝ Արշակ Կարապետյանի նկատմամբ վերջերս հետախուզում է հայտարարվել:
Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, պատգամավորը ասաց՝ գիտենք, որ սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ:
«Դավիթ Գալստյանի մասին բոլորիս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք: Մեր անվտանգային համակարգին ով վնաս է տվել, պետք է օր առաջ պատժվի»,- ընդգծեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ որոշում է կայացվել ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ առաջին բաժին: