Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է «Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նա շրջել է գրադարանի տարածքում, ծանոթացել միջոցառումների դահլիճին, ընթերցասրահներին, գրքային ֆոնդին, ընթերցողների սպասարկման պայմաններին և մյուս ենթակառուցվածքներին։

Քննարկվել են գրադարանի գործունեության հիմնական ուղղություններ, ձեռքբերումներն ու զարգացմանն ուղղված ծրագրերը՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրադարանների դերը ընթերցանության խթանման, համայնքների կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում:

Ալֆրեդ Քոչարյանը հետաքրքրվել է գրադարանի աշխատանքային առօրյայով, իրականացվող բազմաբնույթ ծրագրերով և զարգացման հեռանկարներով։ Նա դրական է գնահատել գրադարանում ստեղծված միջավայրը և իրականացված աշխատանքները՝ կարևորելով նաև պետական և համայնքային գրադարանների միջև ակտիվ համագործակցությունը:

Գրադարանն ունի 3 մասնաճյուղ և ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական և գեղագիտական զարգացման ու ստեղծագործական կենտրոնների հետ, աշխատանքներ են տարվում գրքային հավաքածուն նոր հրատարակություններով համալրելու ուղղությամբ։ Գրադարանում անցկացվում են տարաբնույթ հանդիպումներ, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթի ժամեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի ցուցադրություն, գրքի քննարկումներ, կրթական ծրագրեր, խաղ-մրցույթներ, ավանդույթներին և ազգային ծեսերին նվիրված տոնակատարություններ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև ուսուցման խմբակներ, վարպետաց դասեր:

Նախարարի տեղակալին և նրան ուղեկցող ԿԳՄՍՆ ներկայացուցիչներին գրադարանում ողջունել են նաև Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի սաները՝ ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։

80