Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանում քննարկումների արդյունքում թե ադրբեջանցի գործընկերների հետ, թե Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, այսինքն, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակությունները իրենց մաշկի վրա զգան հաստատված խաղաղության օգուտները, արդյունքները»,- այս մասին ասաց Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը՝ ամփոփելով Բաքու կատարած այցը:
«Ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին, վերջին նման օրինակը Azertag-ի ռուսալեզու հրապարակումն էր, որտեղ Երևանը «Իրևան» էր գրվել: Այս հարցը կոնկրետ օրինակով ներկայացվեց և ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ այո՝ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին: Փորձել հնարավորինս նվազեցնել այնպիսի դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա: Նույն azertag-ի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն խմբագրակազմի հետ»,- հավելեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։
Հայաստանից նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։