Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ գերիների հարցը բարձրացրել էինք: Ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել: Ոչ մի սահմանափակում ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք», - այս մասին ասաց Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը՝ ամփոփելով Բաքու կատարած այցը:
Սուլթանյանը նշեց, որ Կարմիր խաչի բացակայության հանգամանքով պայմանավորված, նամակների մի ալիք գնացել է Միջազգային կառույցներ՝ կապված գերիների հարցի հետ. «Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր: Ցավով պետք է ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլն, բայց այստեղ ՀՀ իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառվում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է»:
Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։
Հայաստանից նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։