Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր ինչ գործն է, խառնվել եք մեր գործերին։ Տաճարը մերն է, Գեղարդը մերն է, ում կուզենք կնվիրենք, կուսակրոն ենք, ինչ ենք, դա մեր գործն է, կանոնակարգ գրողն է՛լ խախտողն է՛լ մենք ենք»։

Սամվել Մադոյան

Ամեն անգամ, Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ նյութ կարդալիս, միամտաբար, բայց և սրտանց, սպասում եմ, որ ինչ-որ մի պահի եկեղեցուց կհնչի առճակատումը մեղմացնող որևէ ինքնաքննադատական խոսք։ Որ, այո, եկեղեցու ներսում, Մայր Աթոռում ու նրա ենթակա կառույցներում կան թերություններ, սխալներ, ավանդույթից շեղման դեպքեր։ Այո, որոշ բարձրաստիճան հոգևորականներ, մեղմ ասած, խախտել են բարեպաշտության կանոնը, կուսակրոնության ուխտը, Հայրենիքի ճակատագրով անհանգստացած լինելով, մի փոքր շեղվել ու մտել են քաղաքական դաշտ, խախտել են օրենքի որոշակի հոդվածներ, զբաղվել են բիզնեսով և այլն։ Եվ որ եկեղեցին պատրաստակամ է ուղղել այդ թերությունները, բարձրաձայնել սխալները, պատասխանել, պարզաբանել հավատացյալ ժողովրդին անհանգստացնող (թեկուզ՝ կեղծ, թեկուզ՝ աղավաղված, թեկուզ՝ շահարկվող) հարցերը, վերջապես, դասեր քաղել։

Ցավոք, այս ամբողջ ընթացքում, եկեղեցու խոսնակների, ասող(իկ)ների շուրթերից հնչում են ամենատարբեր, «դավաճան» արմատով կազմված տասնյակ բառակապակցություններով գեղեցիկ նախադասություններ միայն։ Յուրաքանչյուր խոսք սկսում է «Եկեղեցին մեր ազգի ինքնությունն է, դարավոր պատմությունն ու ավանդույթը, մեր ուժն ու հզորությունը», բայց այդ ազգի ներկայացուցիչների անհանգստությանը պատասխանում են․ «Ձեր ինչ գործն է, խառնվել եք մեր գործերին։ Տաճարը մերն է, Գեղարդը մերն է, ում կուզենք կնվիրենք, կուսակրոն ենք, ինչ ենք, դա մեր գործն է, կանոնակարգ գրողն է՛լ խախտողն է՛լ մենք ենք»։

Այդպես չի կարելի սիրելիներս։ Մի կողմ թողնենք մեզ՝ շարքային հավատացյալներիս, միգուցե քարոզչական մեքենայի ազդեցության տակ ենք, մի պահ «անտեսենք» պետական բարձրաստիճան պաշտոնյաների քննադատությունները։ Բա ինչպե՞ս բացատրենք, հենց Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների անհանգստությունը, Հայաստանի, Ամերիկայի, Եվրոպայի թեմակալ առաջնորդների մտավախությունները։ Մինչև հիմա, դեռ պատասխան չի տրվել Երուսաղեմի պատրիարքի, ես կասեի ՀԱԵ պատմության մեջ աննախադեպ, Վեհափառին ուղղված, ամենակոշտ ու ամենախիստ քննադատություններին։ Մինչև ե՞րբ պետք է չտենալու տանք աղանդավորների՝ օր-օրի աճող հոտը։ Առանց այդ էլ, բնակչության քաղաքականապես պառակտվածության պարագայում, այժմ էլ մասերի բաժանված հավատացյալներ՝ «իրական» կամ «կեղծ» պատարագ այցելողներ։ Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի հասկացվի որ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Կաթողիկոսին ընդդիմադիր հոգևորականներին դավաճան անվանելով, պաշտոնանկ կամ կարգալույծ անելով հարց չի լուծվի։ Եթե, անգամ, նրանք էլ սխալ են, հենց դա էլ է նշանակում, որ շտկելու բան կա։

Ո՞ր պահին պետք է կանգ առնել, ո՞ր պահին պետք է ընդունել, որ Եկեղեցում Խնդիր կա։

Աստված պահապան Հայ ազգիս։

709