Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեբերի 23-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հրավիրել է Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման մասին աշխատանքային քննարկում, որին հրավիրված են եղել նաև կառավարության ներկայացուցիչները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ևս մասնակցել են՝ բովանդակային քննարկման ակնկալիք ունենալով:
Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը։
«Սակայն քննարկման օրակարգը կազմակերպիչները շեղեցին և այն վերածեցին «միջխորհրդարանական հանդիպման»՝ ղարաբաղցի նախկին պաշտոնյաներին ներկայացնելով որպես գործող պատգամավորներ և կառավարության ներկայացուցիչներ:
Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն և մեկ խորհրդարան, հետևաբար մեր խմբակցության պատգամավորները չէին կարող շարունակել ներկա գտնվել այդ քննարկմանը:
Ինչպես նաև կարևոր ենք համարում ընդգծել, որ մեր թիմը այլ ձևաչափերով կապի մեջ է ղարաբաղցի մեր հայրենակիցների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին և պարբերաբար հանդիպում ու քննարկում է դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: