Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհուրդը չորեքշաբթի նախատեսում է հրապարակել պաղեստինյան անկլավի վերականգնման ծրագիրը, որը վեց ամսվա ընթացքում նախատեսում է 2,45 մլրդ դոլարի հատկացում։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է «Axios» հարթակը։
Նրանց տվյալներով՝ Գազայի վերականգնման ծրագիրը նախատեսում է ժամանակավոր բնակարանների կառուցում, փլատակների ապամոնտաժում, հիվանդանոցների վերականգնում, տնտեսական ակտիվության վերականգնում, ինչպես նաև միջազգային անվտանգության ուժերի տեղակայում անկլավում։ Հարթակն ընդգծում է, որ դրա իրականացման համար «Խաղաղության խորհրդին անհրաժեշտ է Իսրայելի և«ՀԱՄԱՍ»-ի աջակցությունը»։
Կազմակերպությունում ակնկալում են, որ աշխատանքները հնարավոր կլինի սկսել Իսրայելի Քնեսեթի (խորհրդարանի) ընտրություններից հետո, որոնք պետք է անցկացվեն հոկտեմբերի 27-ին։
Ըստ ծրագրի մանրամասների, որոնք ներկայացնում է «Axios»-ը, Գազայում ավերածությունների ընդհանուր արժեքը գնահատվում է 35,2 մլրդ դոլար, իսկ առաջիկա տասնամյակում դրա վերականգնման համար պահանջվող միջոցների ծավալը՝ 71,4 մլրդ դոլար։ Ինչպես ընդգծում է հարթակը, Խաղաղության խորհուրդը դեռևս չի հավաքել առաջին վեց ամիսների համար անհրաժեշտ 2,45 մլրդ դոլարը, սակայն, ըստ նրա տեղեկությունների, կազմակերպությունում ելնում են այն հանգամանքից, որ սկզբնական փուլերում ամբողջ գումարի կարիքը չի լինի, և անհրաժեշտ միջոցները հնարավոր կլինի հավաքել նշված ժամանակահատվածում։