Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի շրջանակում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը։
Ասուլիսի մեկնարկին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է Վահագն Պապյանին, ԿԵԱԿ-ի անձնակազմին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։
Նրա ընդգծմամբ՝ մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում. Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը՝ Պետական կամերային նվագախումբը, տարիների դադարից հետո վերջապես ունի մշտական դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:
«Շնորհակալ ենք պարոն Պապյանին այս բարձր պատասխանատվությունը ստանձնելու համար. առջևում շատ աշխատանքներ և մեծ ակնկալիքներ կան: Նա մեր լավագույն երաժիշտներից է, որը երկար տարիներ հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում և բազմաթիվ ծրագրեր իրականացրել Հայաստանում: Այս կարևոր իրադարձությունը նաև առիթ է խոսելու նվագախմբի առաջիկա գործունեության և զարգացման նոր հեռանկարների մասին: Պետական կամերային նվագախումբը վերջին տարիներին հյուրախաղային ակտիվ գործունեություն է իրականացնում արտասահմանում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում և հարթակներում»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ պետությունը քայլեր է ձեռնարկում անսամբլների գործունեությունը զարգացնելու ու որակապես բարձրացնելու ուղղությամբ։
Վահագն Պապյանը խոսել է իր տեսլականի, նվագախմբի զարգացման ռազմավարության, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող միջազգային և տեղական նախագծերի մասին։