Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության «Թվային վերապատրաստման նախաձեռնության» փորձագիտական խմբին՝ թիմի ղեկավար, էլեկտրոնային կառավարման փորձագետ Իվար Տալոյի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրենի տեղակալ Արման Խաչատուրյանը։
Նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է նախարարության հիմնական առաջնահերթությունները թվային կառավարման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության և ստարտափների էկոհամակարգի զարգացման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական համակարգերի և դրանց անվտանգության կարգավորման ոլորտում Հայաստանի առաջնահերթություններն ու ռազմավարական մոտեցումները, կիբեռանվտանգության ազգային կարողությունների զարգացման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործման հարցերը։
Անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության օրենսդրական դաշտի զարգացմանը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը, կիբեռանվտանգության կարողությունների ամրապնդմանը և աղետների դեպքում տեղեկատվական համակարգերի վերականգնման մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը։ Քննարկվել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի պաշտպանության, կիբեռսպառնալիքներին դիմակայունության բարձրացման և համապատասխան ռազմավարական ու գործնական լուծումների մշակման հարցերը։
Կողմերն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում առաջնահերթությունների սահմանման, ռազմավարական ուղղությունների մշակման, համագործակցության ձևաչափերի և ներգրավման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությանը՝ մասնավորապես դիտարկելով պետական կառույցների, մասնավոր հատվածի և ոլորտի այլ շահագրգիռ կողմերի դերակատարությունը։
Քննարկվել են նաև ներդրումների խթանման, ոլորտում նորարարական լուծումների զարգացման, ինչպես նաև Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում միջոցառումների, փորձի փոխանակման և ցանցային համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես կարևորվել է նման նախաձեռնությունների միջոցով ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար ինկուբացիոն հնարավորությունների, միջազգային ծրագրերին մասնակցության և նորարարական էկոհամակարգի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՏՀԳ-ի գործունեությանը, տեղեկատվական համակարգերի կարգավորման և անվտանգության ապահովման ուղղությամբ առկա մոտեցումներին ու ծառայությունների գործնական աշխատանքին։
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության միջև թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության խորացման, միջազգային գործընկերությունների ընդլայնման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։
Հանդիպման արդյունքում քննարկված առաջնահերթություններն ու կարիքները հիմք կհանդիսանան թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտներում Եվրոպական միության հետագա աջակցության հնարավոր ուղղությունների նախանշման և համագործակցության կոնկրետ նախաձեռնությունների ձևավորման համար։