Արցախի կարգավիճակը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, անդրադառնալով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը:
«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Նույնիսկ պատերազմի ժամանակ, Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն` շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, կարող եմ ավելացնել` եղել է և մնում է»,- ասաց Այվազյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ:
«Դա զինադադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, բայց հակամարտությունը չի կարող լինել կարգավորված, քանի որ չեն իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես ինքնորոշման, կարգավիճակի հարցը »,- նշեց Արա Այվազյանը: