Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը
 

Տիկին Բեգիջանյան, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերի շրջափակման գործընթացը. Դուք իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։

Այսինքն՝ նեղուցը փակ է բոլորի համար, իսկ մինչ այդ աշխատում էր Իրանի ոչ թշնամական երկրների համար, ստացվում է՝ երբեք փակ չի եղել և փաստորեն փակվում է նաև իրանական նավերի համար, ինչը հազիվ թե երկար տևի։ Իրանցիները դա կհամարեն հրադադարի խախտում, և  կարող է վերսկսվել պատերազմը, այսինքն՝ երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը կարող է վերանալ։

Իսկ պատերազմի վերսկսման դեպքում ինչպիսի՞ն կլինեն մասշտաբներն այս անգամ։

Ինչպես ԱՄՆ նախագահն է ասում՝ ավելի ուժգին կլինեն, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում՝ այն Իրանին թուլացնի։ Այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, որը հենց սկզբից բանակցություններին դեմ էր, իսկ նախնական պայմանավորվածությունը նաև ընդգրկում էր Լիբանանը, և Իսրայելը կատարեց ավելի ուժգին հարձակում՝ զոհվեցին ավելի քան 250 հոգի, ինչը հարված էր իսլամաբադյան բանակցություններին։

Երկարատև կտրվածքով ի՞նչ տնտեսական վնաս կարող է հասցվել աշխարհին կամ տարածաշրջանին։

Ես տնտեսագետ չեմ, բայց երբ լսում ենք միջազգային տնտեսագետների, որոնք շեշտում են, որ անգամ, եթե այսօր ավարտվի պատերազմը, դրա տնտեսական հետևանքները կտևեն շատ երկար, բացի դա՝ Իրանը հիմա հնարավորություն ունի հուսիթներին թույլ տալ փակելու նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, իսկ սա ավելի մեծ հարված կլինի միջազգային տնտեսությանը։

Իսկ ԹՐԻՓՓ նախագծի մասով ի՞նչ զարգացումներ կարող են լինել, հիմա կարծես թե գործընթացը սառեցվել է։

Ես չէի ասի, որ դա Միացյալ Նահանգների համար առաջնային ծրագրերից է՝ հիմա առավել ևս, պարզապես այստեղ շահագրգիռ ուժերը կարող են նախաձեռնություններ անել ակտիվացնել գործընթացը, բայց կարծում եմ առայժմ այն ակտուալ հարց չէ։

Լրատվամիջոցներում տարածվում են տեսանյութեր, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ Իրանում որոշակի համախմբվածություն կա  իշխանության շուրջ, արդյոք դա այդպես է ըստ Ձեզ։

Եթե իշխանությունն է կռվում՝ նրանք համախմբված են իշխանության շուրջ, նրանք համախմբված են հայրենիքի շուրջ, որը ղեկավարում է իշխանությունը։ Այսպիսին է համախմբվածությունը, ու իրենք միշտ էլ այդպիսի օրինակ ցույց են տվել։ Իսկ պատերազմի ելքը դժվար կանխատեսելի է, սա Իսրայելի պատերազմն է, որը դեռ իր որևէ նպատակին չի հասել, օրինակ՝ իշխանափոխությանը, դա չհաջողվեց ոչ առաջին, ոչ երկրորդ պատերազմում։ Չհաջողվեց մասնատման ռազմավարական նպատակը, որը ոչ թե այսօր կամ երեկ էր այդ նպատակի համար աշխատել, այլ տասնամյակներ շարունակ՝ քրդերին աջակցություն ցուցաբերելով. դա է վկայում այն, որ երբ Իրաքի Քրդական Ինքնավարությունում եղավ  հանրաքվե՝ միակ երկիրը, որը պաշտպանեց ու անգամ արդյունքները ճանաչեց, Իսրայելն է։ Նույնը արվում է Ադրբեջանի հետ՝ օգնելով բոլոր ոլորտներում։ Նույնը արվում է ԱՄԷ-ի հետ, որը  նույնպես հավակնություններ ունի Մեծ և Փոքր Թունբ ու Աբու Մուսա կղզիների նկատմամբ։

Գեղամ Ադյան

366