Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիայում շարունակվում է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են լավ արդյունքներ գրանցել։

Մրցումային հերթական օրը շատ հաջող էր մեր երիտասարդական հավաքականի համար. ասպարեզ դուրս եկած 8 հայ մարզիկներից 7-ը կանգնել են պատվո հարթակին՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Մարզական սամբոյի մրցաշարում հիանալի ելույթներ են ունեցել Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ): Երկու հայ մարզիկներն էլ եզրափակիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ են տարել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ և հռչակվել Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Մարտական սամբոյի մրցումներում Հայաստանն ուներ եզրափակչի երեք մասնակից։ Վճռորոշ գոտեմարտերում Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ) զիջել են Ռուսաստանի մարզիկներին և դարձել փոխչեմպիոններ:

Աղջիկների 72 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Սյուզաննա Մանուկյանը, ով եզրափակիչում պարտվել է Բելառուսը ներկայացնող մարզուհուն։

Մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում էլ հանդես եկող Սեյրան Սարուխանյանը, տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն, արժանացաել է բրոնզե պարգևի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

180