Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սոցիալական մեդիայի նորաբաց էջերը մայիսի 30-ից ակտիվորեն գովազդում են քաղաքական բովանդակությամբ տեսանյութեր, որոնք ստեղծված են արհեստական բանականությամբ։
Մասնավորապես, «Crghjghg» կոչվող ֆեյսբուքյան և «Hayerov» կոչվող տիկտոկյան էջերը գեներացրել են տեսանյութեր՝ օգտագործելով հայաստանյան հեռուստաընկերությունների և առցանց մեդիա ռեսուրսների՝ լուրերի մեկնաբանների մասնակցությամբ տեսանյութերը։
Սոցիալական մեդիայի երկու էջերն էլ հրապարակել են այդպիսի 4-ական տեսանյութ, որոնցից երեքը նույնն են։
Համաձայն Meta Ad Library-ի տվյալների՝ «Crghjghg» կոչվող էջում հրապարակված այդպիսի տեսանյութերից 3-ը «Փաստերի ստուգման հարթակի» սույն հոդվածի հրապարակման պահին էլ շարունակում են գովազդվել։
Արտապատկերումը՝ սոցմեդիայի էջերից
Կեղծ սոցհարցումներ ու հայտարարություններ՝ մեկնաբանների «մատուցմամբ»
Արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերում հայաստանյան մեկնաբաններին են վերագրվում լուրեր, որոնք նրանք չեն հայտնել եթերից։
Օրինակ՝ սոցիալական մեդիայի վերոհիշյալ երկու էջերն էլ (1, 2) օգտագործել են ABC մեդիայի մեկնաբաններից կարճ տեսանյութը, որում նա իբրև թե հայտարարում է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը հայտարարել է անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության մասին։
Մինչդեռ Թաթոյանը նման հայտարարություն չի արել․ սրա մասին նրա կուսակցությունը նաև հերքում է տարածել։
Բացի այդ, ABC մեդիայի մեկնաբանը մայիսի 21-ին մեդիայի յութուբյան ալիքում հրապարակված թողարկման ընթացքում, ինչպես նաև դրա Short (կարճ հոլովակ) տարբերակում նման լուր չի հայտնել։
Արհեստական բանականությամբ խմբագրված տեսանյութերից հաջորդում (1, 2) իբրև թե մեկնաբանը ներկայացնում է Ipsos միջազգային կազմակերպության նախընտրական հարցումները։
Մինչդեռ մայիսի 30-ին հրապարակված լուրերի թողարկման ընթացքում նման լուր մեկնաբանը չի հայտնում, միևնույն ժամանակ բաց աղբյուրներում չկան տվյալներ այն մասին, որ նշված միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նախընտրական հարցումներ է անցկացրել։
Հատկանշական է, որ երկու տեսանյութերում ABC մեդիայի տարբերանշանի փոխարեն օգտագործվել է Հանրային հեռուստաընկերության տարբերանշանը։
ԱԲ-ով խմբագրված մեկ այլ տեսանյութում (1, 2 ) օգտագործվել են «5-րդ ալիքի» մայիսի 22-ի հրապարակված թողարկման կադրեր։ Այս տեսանյութում ևս լուրերի մեկնաբանը իբրև թե հղում է անում գոյություն չունեցող նախընտրական հարցումներին։
Գոյություն չունեցող սոցիոլոգիական հարցումներին հղումով հաջորդ տեսանյութը վերագրվում է Շանթ հեռուստաընկերությանը, սակայն լրատվական թողարկման այդպիսի մեկնաբան հեռուստաընկերությունում գոյություն չունի։ Այդ փաստը FIP.am-ին հաստատեցին նաև Շանթ հեռուստաընկերությունից։
Հանրային հեռուստաընկերության 2025 թվականի դեկտեմբերի 30-ի լուրերի թողարկման մեկնաբանի մասնակցությամբ մեկ այլ խմբագրված տեսանյութում ևս հղում է արվում Gallup ամերիկյան հետազոտական կենտրոնի (չշփոթել ՀՀ-ում գործող համանուն կազմակերպության հետ, որը ամերիկյան ընկերության ներկայացուցիչը չէ) հարցումներին։
Այսպիսով, վերոհիշյալ բոլոր տեսանյութերում հղում է արվում գոյություն չունեցող հարցումների․ դրանցում մտացածին վարկանիշ են վերագրում քաղաքական ուժերին, մասնավորապես, պնդում է արվում, որ հավաքական ընդդիմության միասնական վարկանիշը գալիք ընտրություններում ավելի բարձր է կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշից։
Նշենք, որ այս պնդումը չի հաստատվում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումներով, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը 32% է, ինչը գերազանցում է մյուս բոլոր ընդդիմադիր ուժերի վարկանիշը՝ միասին վերցրած։
Արտապատկերումը՝ IRI-ի հարցումից
Կարդացեք նաև՝ IRI-ի նոր հարցումն ու 2021-ի փորձը․ ի՞նչ են ցույց տալիս նախընտրական սոցհարցումները
Ադրբեջանամետ թեզերը՝ ընդդիմադիր էջերում
FIP.am-ը ինչպես վերևում նշված, այնպես էլ սոցիալական մեդիայի այլ էջեր է ուսումնասիրել, որոնք ակտիվորեն տարածում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջ մղվող ադրբեջանցիների վերադարձի մասին թեզը․ էջերն արհեստական բանականությամբ ստեղծում ու ակտիվորեն և համակարգված տարածում են ադրբեջանցիների վերադարձի մասին տասնյակ հոլովակները (1, 2, 3, 4 և այլն)։
Արտապատկերումները՝ էջերից (1, 2, 3)
Հատկանշական է, որ էջերը ունեն հետևորդների փոքրաթիվ քանակ, սակայն գովազդվող բովանդակության շնորհիվ կարողացել են ունենալ միլիոնավոր դիտումներ։




