Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Այդ մասին Կառավարության՝ հունիսի 4-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ:

Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել:

Նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով ապրանքի տարածման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը, այն է՝ հաշիվ-ապրանքագրերը:

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը: Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիսի ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 մլն հատ ծաղիկ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս համատեքստում տեղեկացրեց՝ այս պահին նաև առանձին գործընկերների հետ աշխատում են ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ: «Սա ևս կգա օգնելու արտադրողներին, նաև նոր շուկաներ գտնելու՝ հետագայում արդեն ավելի կանոնավոր հիմքերի վրա շուկաներ, մատակարարումներ ապահովելու համար»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հայտարարեց՝ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ, արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտից:

«ՀՀ-ն բավականին ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար՝ անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշումը պետք է տարածվի և՛ մրգերի վրա, և՛ կոնյակի, և՛ գինու, և՛ հանքային ջրերի վրա, և՛ ցանկացած շուկայի»,- ասաց նա:

Փոխվարչապետը միաժամանակ անդրադարձավ արտահանվող ապրանքների որակի ապահովմանը՝ նկատելով, որ եթե պատշաճ որակ ապահովվի, դժվար կլինի պատշաճ որակի ապրանքի շրջանառությունը որևէ կերպ խոչընդոտել, առավել ևս՝ արհեստականորեն: Այդ դեպքում նաև ավելի մեծ սպառման հնարավորություններ ու շուկաներ կբացվեն:

«Մենք պիտի նաև մտածեք այդ խթանիչների մասին, չնայած ես որքան հիշում եմ՝ մենք նման խթանիչ միջոցառումներ ունենք, բայց փորձը ցույց է տալիս, որ բավարար չեն այդ խթանիչները, պիտի ավելացնենք:

Սա է ֆունդամենտալ լուծումը: Մենք տալիս ենք լուծում, որն ապահովում է մեր արտադրողի կոնֆորտը»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջնական լուծումը որակի ստանդարտն է:

82