Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը սոցցանցի իր էջում  գրել է.

Մի վճարեք շուրջ 365,000 ՀՀ դրամ, ամենաթանկը՝ առողջությունը կորցնելու համար...

Ծխախոտից հրաժարվելու մասին սովորաբար խոսվում է միայն առողջության տեսանկյունից՝ սրտանոթային հիվանդություններ, թոքերի քաղցկեղ և այլն։ Սակայն այս թեման ունի նաև մեկ այլ՝ շատ տեսանելի կողմ, այն գումարը, որը մարդն ամեն օր ծախսում է ծխախոտի վրա, կարող է բարելավել իր առողջությունը, նպաստել ընտանիքի բարօրրությանը։

Միջազգային հետազոտություններում այս գաղափարը ներկայացվում է որպես «Smoke-free dividend»՝ ծխախոտից ազատ լինելու ֆինանսական շահույթ։ Այսինքն այն գումարը, որը չի ծախսվում ծխախոտի վրա կարող է ուղղվել ավելի կարևոր կարիքների՝ սննդին, առողջապահությանը, կրթությանը, սպորտին, հանգստին կամ ընտանիքի բարեկեցությանը։

Անգլիայում իրականացված հետազոտության համաձայն՝ եթե երկիրը դառնա ամբողջությամբ ծխախոտից ազատ, տարեկան մոտ 10.9 միլիարդ ֆունտ ստերլինգ կարող է վերաուղղվել տեղական տնտեսություն։ Մեկ ծխողի հաշվով դա կազմում է մոտ 1․776 ֆունտ տարեկան։

Մեկ այլ՝ Bulletin of the World Health Organization-ում հրապարակված հետազոտությունը ուսումնասիրել է ծխախոտի օգտագործումը կյանքի ընթացքի տեսանկյունից ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Հաշվարկների համաձայն՝ ծխող մեծահասակը ծխախոտից հրաժարվելու դեպքում կարող է կյանքի մնացած ընթացքում խուսափել ավելի քան 134 հազար ծխախոտի օգտագործումից և խնայել միջինը մոտ 6․612 ԱՄՆ դոլար։ Այս տվյալները ցույց են տալիս, որ ծխախոտը միայն առողջապահական խնդիր չէ։ Այն նաև տնտեսական բեռ է՝ թե՛ անհատի, թե՛ ընտանիքի, թե՛ հասարակության համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է, որ ծխախոտի օգտագործումը կարող է խորացնել աղքատությունը։

Հայաստանում, եթե մեկ տուփ ծխախոտի արժեքը հաշվենք մոտ 1000 դրամ, ապա օրական մեկ տուփ ծխելու դեպքում ամսական ծախսը կարող է կազմել շուրջ 30․000 դրամ, իսկ տարեկան՝ մոտ 365․000 դրամ։ Եթե մարդը ծխում է օրական երկու տուփ, տարեկան ծախսը կարող է հասնել մոտ 730․000 դրամի։ Այս գումարը կարող էր ուղղվել առողջությանն ուղղված հետազոտություններին, սպորտին, կրթական դասընթացներին, հանգստին, ընտանիքի կարիքներին կամ պարզապես խնայողությանը։ Այսինքն, ծխախոտից հրաժարվելը միայն վնասակար սովորությունից ազատվել չէ, այն նաև հնարավորություն է վերադարձնելու այն գումարը, որը տարիների ընթացքում աննկատ կորչում է։

Առողջության տեսանկյունից նույնպես օգուտները սկսվում են բավական արագ ի հայտ գալ։ Ծխախոտից հրաժարվելուց հետո օրգանիզմն աստիճանաբար սկսում է վերականգնվել, նվազում է սրտանոթային հիվանդությունների, քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդությունների, մի շարք քաղցկեղների և վաղաժամ մահվան ռիսկը։ Ծխախոտի իրական արժեքը միայն դրամով չի չափվում։ Այն չափվում է նաև առողջությամբ, էներգիայով, ժամանակով, աշխատունակությամբ և ընտանիքի բարեկեցությամբ։ Ծխախոտից հրաժարվել նշանակում է ներդրում անել առողջության, կյանքի որակի և ապագայի մեջ։

87