Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այսուհետև մեր համագործակցությունը շարունակելու ենք արդեն նոր` ինստիտուցիոնալ, համակարգային ձևաչափով»,- առողջապահական ոլորտի հատկապես կրթական բաղադրիչի գործում կարևորելով «Ազգային բժշկական պալատի» գործունեությունը` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարությունի հայտնում են, որ «Ազգային բժշկական պալատի» նախագահ Նարեկ Վանեսյանի հետ  համագործակցության հուշագրի ստորագրումից առաջ նախարարն անդրադարձել է «Ազգային բժշկական պալատի» կողմից իրականացվող կրթական ծրագրերին , խոսել հանրային առողջապահության ոլորտի կադրերի և առողջապահության ոլորտի կառավարիչների պատրաստման ու վերապատրաստման գործում, ինչպես նաև սպորտային բժշկության ոլորտում պալատի կատարած աշխատանքների կարևորությունից:

2019 թվականից 22 000 բուժաշխատող է վերապատրաստվել պալատի տարբեր ծրագրերով,  ԱՆ աջակցությամբ և ֆինանսավորմամբ Ղարաբաղից տեղահանված 1800 բուժաշխատողի համար կազմակերպվել են անվճար վերապատրաստման դասընթացներ, այս պահին պալատն ունի 100-ից ավելի կրեդիտավորված ՇՄԶ ծրագրեր ավագ և միջին բուժաշխատողների համար։

Առողջապահության նախարարություն - «Ազգային բժշկական պալատ» համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՊՏՀ և  պալատի կողմից իրականացվող «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի  6-րդ սերնդի գերազանցությամբ ավարտած շրջանավարտները:

Նախարարը հետաքրքրվել է ստացած հետբուհական կրթության, գիտելիքների ու հմտությունների որակով:

Համագործակցության հուշագրի պաշտոնական ստորագրումից  հետո ուղենշվել են առաջիկա անելիքները. օրակարգում բժիշկների հավաստագրման գործընթացն է:

245