Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում ԵՄ Գործընկերության առաքելությունը (EUPM Armenia), որը գործելու է ԵՄ-ի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում։

Խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և ուժեղացնելու զարգացող անվտանգության մարտահրավերներին արձագանքելու կարողությունները։

Առաքելությունը, որը պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին, կաջակցի Հայաստանի կարողությունների զարգացմանը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

Այդ նպատակով ԵՄ առաքելությունը Հայաստանի տարբեր պետական կառույցներին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրեր՝ խթանելով ամբողջ կառավարության մակարդակով համակարգված («whole-of-government») մոտեցման ձևավորումը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է. «Եվրամիությունը կայուն և անկախ Հայաստանի ամենամեծ աջակիցն է և պաշտպանում է հայ ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն ընտրելու իրավունքը»։

EUPM-ի նախնական մանդատը նախատեսված է երկու տարի ժամկետով։ Առաքելության անձնակազմը հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետներից։

Առաքելության ղեկավար է նշանակվել ռումինացի դիվանագետ Կոսմին Գեորգե Դինեսկուն, որի նշանակումը հաստատվել է 2026 թվականի հունիսի 11-ին։ Մինչ այդ նա ղեկավարել է Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ Գործընկերության առաքելությունը։

79