Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով աջակցություն են հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը:
Նշվում է, որ կշարունակվի աջակցությունը Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրամիության որոշման վրա, որով կասեցվել են դեպի ԵՄ արտահանվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։
Անդրադարձ կա նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին․ «Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու կենսունակ ու դիմակայուն ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնելու բարեկեցիկ տնտեսություն, որը լիարժեքորեն ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին»,- ասված է հաղորդագրությունում
Հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին, հանդիպել մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: