Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 14-ին, Բաստիլի գրավման օրն է և Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնը, որը նշանավորում է Ֆրանսիական հեղափոխության սկիզբը․ այն ամեն տարի նշանավորվում է ավանդական հանդիսավոր ռազմական շքերթով:
2026 թվականին Փարիզում կայացած ռազմական շքերթը Էմանուել Մակրոնի տասներորդ և վերջին շքերթն էր որպես Ֆրանսիայի նախագահ: Նրա՝ որպես Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականի մայիսին:
Այն Ֆրանսիայի պատմության մեջ Ազգային օրվան նվիրված ամենամեծ շքերթն է․ ներգրավվել են հազարավոր զինծառայողներ:

Միջոցառմանը ներկա են եղել տասնյակ պետությունների ղեկավարներ և միջազգային առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը:

Շքերթի օդային հատվածի ընթացքում ելույթ է ունեցել հանրահայտ «Patrouille de France» (Ֆրանսիայի օդային ակրոբատիկ խումբը), որի ինքնաթիռները Փարիզի երկնքում ծխային հետքերով պատկերել են Ֆրանսիայի պետական եռագույն դրոշը։

Ելիսեյան դաշտերով անցել է 6700 զինծառայող, իսկ շքերթում ներգրավված են եղել 98 ինքնաթիռ, 31 ուղղաթիռ և 315 միավոր ռազմական տեխնիկա։
Այս տարվա շքերթի թեման եղել է «Եվրոպայի ռազմավարական արթնացումը»։

Շքերթի ավարտին ռազմական նվագախումբը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերին հիմնադրման 400-ամյակի առթիվ։
1789 թվականի հուլիսի 14-ին, Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում, Փարիզի բնակիչները գրոհով գրավել են Բաստիլ ամրոց-բանտը և ազատ արձակել այնտեղ պահվող կալանավորներին։ Հետագայում ամրոցը քանդվել է։
Այսօր էլ Փարիզում պահպանվում է Բաստիլի հրապարակը, որը գտնվում է նախկին ամրոցի տեղում։


