Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Մոսկվայում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 30-ամյա մի կնոջ՝ անվտանգության մարմինների աշխատակցի դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի պահին։ Ըստ դաշնային ծառայության՝ նա գործել է ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։
Տեսանյութում կասկածյալը պատմում է, որ մեսենջերների միջոցով կապ է հաստատել ուկրաինացի համակարգողի հետ և հայտնել, որ պատրաստ է մասնակցել ահաբեկչական գործունեության՝ Եվրամիության երկրներից մեկում մշտական բնակության տեղափոխվելու հարցում իրեն և իր երեխաներին աջակցություն ստանալու դիմաց։
Նրա խոսքով՝ սկզբում Թուրքիայով և Մոլդովայով տարանցիկ ճանապարհով մեկնել է Ուկրաինա, որտեղ անցել է դիվերսիոն-ահաբեկչական գործունեության կազմակերպման վերաբերյալ հրահանգավորում։ Այնուհետև վերադարձել է Ռուսաստան, Սամարայի ծայրամասում գտնվող թաքստոցից վերցրել պայթուցիկ սարքը և ժամանել Մոսկվայի մարզ՝ ահաբեկչական գործողությունն իրականացնելու նպատակով։
ԱԴԾ-ի տվյալներով՝ կնոջը ձերբակալել են այն պահին, երբ նա ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրում անվտանգության մարմինների աշխատակիցներից մեկի ավտոմեքենայի տակ։