Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճարպակալումը մեծացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգը և կարող է ազդել կյանքի տևողության ու որակի վրա։ Ճարպակալումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, հենաշարժական համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, քնի խանգարումների և այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը
Նույնիսկ մարմնի քաշի 5-10%-ով նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը և կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։
Ավելի շատ շարժվեք
- Եղեք ֆիզիկապես ակտիվ ամեն օր։
- Շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե պահպանեք չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն (օրինակ՝ արագ քայլք, հեծանիվ վարել, լող)։
- Եթե երկար ժամանակ նստած եք, յուրաքանչյուր 30–60 րոպեն մեկ կանգնեք և մի քանի րոպե շարժվեք։
- Հնարավորության դեպքում աշխատանքի կամ դպրոց գնացեք ոտքով կամ հեծանվով։
- Վերելակի փոխարեն օգտվեք աստիճաններից։
- Ավելի հաճախ զբոսնեք և զբաղվեք ակտիվ խաղերով ընտանիքի կամ ընկերների հետ։
- Ընտրեք այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը ձեզ հաճույք է պատճառում և համապատասխանում է ձեր առողջական վիճակին։
Սնվեք առողջ
- Ամեն օր օգտագործեք բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր։
- Նախընտրեք ամբողջահատիկ սննդամթերք, լոբազգիներ, ընկույզներ, սերմեր և ձուկ։
- Սահմանափակեք քաղցրավենիքի, հրուշակեղենի, արագ սննդի, վերամշակված մսամթերքի, ճարպոտ և տապակած սննդի օգտագործումը։
- Նվազեցրեք աղի, ավելացված շաքարի, հագեցած և տրանսճարպերի օգտագործումը։
- Շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն նախընտրեք սովորական ջուր։
Ընտրեք առողջ կենսակերպ
- Մի ծխեք և խուսափեք պասիվ ծխելուց։
- Խուսափեք ալկոհոլի օգտագործումից։
- Քնեք բավարար ժամանակ և պահպանեք կանոնավոր քնի ռեժիմ։
Խորհուրդներ երեխաների և հղիների համար
- Հղիության ընթացքում հետևեք բժշկի խորհուրդներին՝ առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և քաշը վերահսկելու վերաբերյալ։
- Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրեք, այն նպաստում է նրա առողջ աճին և զարգացմանը։
- Երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորեք առողջ սնվելու և կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորություններ՝ անկախ նրանց մարմնի քաշից։
Փոքր, բայց հետևողական փոփոխությունները կարող են զգալիորեն բարելավել առողջությունը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։