Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդել է AFP-ն։

Հունաստանի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ Սալամիս կղզում գրեթե միաժամանակ բռնկվել են երկու անտառային հրդեհներ։ Երկուսն էլ տեղի են ունեցել մարդաշատ լողափերի մոտ՝ մեկը կղզու հարավում, մյուսը՝ արևելքում։ Հրշեջ ծառայության տվյալով՝ հրդեհի հետևանքով մահացել է տարեց զույգ, 9 տուժած բժշկական օգնության է դիմել այրվածքների պատճառով, ավելի քան 570 մարդ տարհանվել է առափնյա պահպանության պարեկային նավակների և այլ նավերի միջոցով։ Սալամիս կղզու բնակչությունը կազմում է մոտ 37000 մարդ, որոնցից շատերը տարեցներ են։

Հունական ANA լրատվական գործակալության տվյալով՝ հրդեհը մարելու համար ներգրավվել են մոտ 200 հրշեջ, 6 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։ Փրկարարական ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է 34 հրդեհ։

Շարունակվող շոգի և երաշտի պատճառով անտառային հրդեհներ են մոլեգնում նաև եվրոպական մյուս երկրներում, մասնավորապես, Իսպանիայում։ Օգոստոսի 16-ին Ֆրանսիայի հետ սահմանային իսպանական Արագոն շրջանի նահանգապետը իր X սոցիալական ցանցում հայտնել է հրդեհը մարող զինվորի մահվան մասին։

Միևնույն ժամանակ, Իսպանիայի մեկ այլ շրջանում՝ Անդալուզիայում, հարյուրավոր տարհանված բնակիչներ կարողացել են վերադառնալ իրենց տները։ AFP-ի փոխանցմամբ՝ վերջին 10 օրվա ընթացքում հրդեհները ոչնչացրել են տարածաշրջանի 25000 հեկտար բուսականություն։ Փրկարարները կարողացել են հրդեհը հսկողության տակ վերցնել միայն օգոստոսի 16-ին։

Իրավիճակը կայունացել է նաև Ֆրանսիայում, ինչպես երկրի հյուսիս-արևելքում, Բելգիայի սահմանի մոտ գտնվող Արդենի դեպարտամենտում, այնպես էլ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

77