Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվել են Շիրակի մարզում՝ հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խորհրդակցությունն անցկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա է եղել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
Մինչ խորհրդակցությունը՝ նախարարի տեղակալն ու մարզպետը շրջել ու ծանոթացել են կրթական էքսպոյի շրջանակում մարզի դպրոցների ներկայացրած նախագծերին. դրանք եղել են «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» թեմաների շրջանակում:
Աշխատանքային քննարկման մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Շիրակի մարզպետը ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնել Շիրակի մարզի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին, որոնք հաղթող են ճանաչվել «Ամսվա լավագույնները» մրցույթում։
Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները։ Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, գնահատման համակարգին, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորմանը, մասնագիտական զարգացմանը, վերապատրաստող կազմակերպությունների գործունեությանը և նախատեսվող այլ փոփոխություններին վերաբերող հարցեր։