Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում գործող «Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Վերահսկողության շրջանակում արտադրատեսակներից նմուշներ են վերցվել և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում պարզվել է, որ երեք տեսակի գազավորված ըմպելիքների նմուշներ չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

 

Մասնավորապես՝ «Գազավորված ըմպելիք բարբարիսի համով» արտադրատեսակի նմուշում անհամապատասխանություն է արձանագրվել մեզոֆիլ աերոբ մանրէների քանակի և խմորասնկերի ու բորբոսասնկերի ընդհանուր քանակի ցուցանիշներով։

 

«Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել մեզոֆիլ աերոբ մանրէների քանակի սահմանված ցուցանիշին։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

68