Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել դրա ռազմական գործարանների գրեթե 100 տոկոսը և հողին հավասարեցրել նրա միջուկային ծրագիրը:
Մենք այժմ մտնում ենք վերջնախաղի փուլ: Արշալույսին սկսվում է տնտեսական «D օրը»՝ երբևէ հակառակորդի դեմ սանձազերծված ամենամեծ ֆինանսական հարձակումը:
Իրանը գոյատևել է՝ շորթումը ներկայացնելով որպես անվտանգության երաշխիքներ: Նախագահ Թրամփի օրոք այդ դարաշրջանն ավարտվել է: Եվ նրանք, ովքեր վախենում են Թեհրանին հակառակվելու վտանգից, չպետք է թերագնահատեն Վաշինգտոնին փորձության ենթարկելու գինը:
Նախագահը պայմաններ է ստեղծել՝ գործի դնելու յուրաքանչյուր գերատեսչություն, յուրաքանչյուր լիազորություն և գործողություն, որոնց մասին շատերը կարծում էին, թե երբեք չենք դիմի: Մեր նպատակն է կտրել բոլոր տնտեսական կենսական թելերը, որոնք սնուցում են բռնապետական վարչակարգը, մինչև Թեհրանը մնա միայնակ»,- գրել է Սքոթ Բեսենթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին՝ աննախադեպ մասշտաբներով։ Ամերիկյան առաջնորդը նաև զգուշացրել է, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, կբախվեն ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների։
Իրանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է և հանցագործություն մարդկության դեմ։ Իրանական գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ վարչակազմը, նրանք, ովքեր մշակել են պատժամիջոցների պլանները, և նրանք, ովքեր իրականացնում են դրանք, պետք է կրեն համապատասխան պատիժներ։