Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Թուֆան Էրհյուրմանը հանդիպել են ՄԱԿ-ի բարի ծառայությունների առաքելության գրասենյակում՝ Նիկոսիայի բուֆերային գոտում։ Հանդիպումը տևել է գրեթե երեք ժամ և անցկացվել է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով։

Քրիստոդուլիդեսի խոսքով՝ բանակցությունները, որոնց մեծ մասն անցկացվել է դեմ առ դեմ, դրական են եղել։ Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ հանդիպումներ անցկացնել շաբաթական մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անձամբ է ստանձնել Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսման նախաձեռնությունը։ Հուլիսին նա այցելել էր կղզի և հանդիպել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի, ինչպես նաև կղզու հյուսիսային հատվածը վերահսկող ինքնահռչակ վարչակազմի ղեկավար Թուֆան Էրհյուրմանի հետ, որը հանդես է գալիս կղզու վերամիավորման օգտին։

Կիպրոսը դե ֆակտո բաժանված է 1974 թվականից, երբ Թուրքիան ռազմական ներխուժումից հետո վերահսկողություն հաստատեց կղզու հյուսիսային հատվածի նկատմամբ։ Կիպրոսի Հանրապետության տարածքի հյուսիսային հատվածում ստեղծված ինքնահռչակ միավորումը ճանաչում է միայն Թուրքիան։

67