Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը նոր չի սկսվել․ նրա վերաբերյալ քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե է ստացվել դեռևս 2024 թվականի հունվարին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ վարույթը ստանալու պահին դրա շրջանակում արդեն իսկ հանրային քրեական հետապնդում էր հարուցված Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, Ալեքսան Ոսկանյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ «Այդ մասով քննությունը շատ կարճ ժամանակահատվածում ավարտել ենք և մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Մնացած դրվագներով արդեն իրականացվել են բազմածավալ քննչական և վարութային այլ գործողություններ»,- նշել է Կոստանդյանը։

Նա ընդգծել է, որ քրեական վարույթը բազմադրվագ է՝ ներառելով մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ, միլիարդավոր դրամների փոխանցումներ և փոխառություններ։ «Մոտ 20 երկիր իրավական փոխօգնության միջնորդություններ էին ուղարկված։

Բավականին տևական ժամանակ է տևում, մինչև դրանց պատասխանները ստացվում են, այդ մասով քննություն է իրականացվում: Եվ այդ տվյալներն ամբողջությամբ հավաքագրվելուց հետո ստուգողական գործողություններ, քննչական գործողություններ կատարելուց հետո, արդեն դրվագային կոնկրետ արարքներին գնահատականներ են տրվել: Եվ այս պահին էլ 10 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, բայց դեռևս նախաքննությունը ընթացքի մեջ է և դրվագներ կան, որոնցով դեռևս վերջնական գնահատականներ տրված չեն: Այսինքն՝ քննությունը դեռևս շարունակվում է»,- ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը։

Դավիթ Կոստանդյանը նաև հերքել է տեղեկությունները, թե երկրորդ նախագահի նկատմամբ հետապնդումը սկսվել է օգոստոսի 25-ին՝ ընդգծելով․ «Ձեր նշած անձի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը ոչ թե օգոստոսի 25-ին է եղել, այլ նա ապրիլ ամսին արդեն իսկ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է եղել»:

Կոստանդյանի խոսքով՝ ապրիլին Քոչարյանը մեղադրյալ էր ներգրավվել մեկ դրվագով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Հետագայում, ի հայտ եկած նոր հանգամանքների և տվյալների արդյունքում, մեղադրանքը փոփոխվել է, իսկ քննիչը դիմել է դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։ Պաշտոնյան վստահեցրել է, որ քրեական վարույթի քննության ընթացքում անգործություն չի դրսևորվել, և ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված քննչական խմբում ներգրավված է 60 քննիչ, որոնք բոլորն էլ լծված են գործի քննությանը։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքների էությանը՝ Կոստանդյանը նշել է․ «Դրանք կոնկրետ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում թույլ տված չարաշահումների, այնուհետև փողերի լվացմանն ու կաշառք ստանալուն են վերաբերում»։

Նրա խոսքով՝ մեղադրանքները հիմնականում վերաբերում են պաշտոնական դիրքի չարաշահմանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի գույքի օրինականացմանն ու կաշառք ստանալուն։

279