Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, արդեն 26-րդ տարին է՝ ինչ միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որն այս տարի կրում է «Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագիրը:

Եվրոպական ժառանգության օրերն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 12-13-ը: Ծրագրին միացած կառույցները (թանգարաններ, գրադարաններ և այլն) իրենց հարկի տակ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց, այդ թվում՝ դպրոցականների և ուսանողների:

Օրվա խորհրդին համահունչ՝ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ ցուցադրություններ, բանախոսություններ, ինտերակտիվ վիկտորինաներ, արշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ, համերգներ, գրական-երաժշտական ցերեկույթներ և երեկոներ, կրթական ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, բանախոսություններ և այլն: Հատկանշական է, որ այս տարի ծրագրին միացել են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկները, որոնց միջոցառումները նախատեսված են ազատազրկված անձանց համար՝ կարևորելով նրանց սոցիալականացումը տարաբնույթ մշակութային միջոցառումների համատեքսում:

Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

139