Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական խորհրդարանը 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հայկական արտադրանքի նկատմամբ առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումների (Autonomous Trade Measures) կիրառումը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ նշելով․ «Հավատարիմ մնալով իր սկզբունքներին և անսասան լինելով իր դիրքորոշման մեջ՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի՝ «Made in Armenia» ապրանքների համար ATMs տրամադրելու առաջարկին։ Եվս մեկ կարևոր քայլ Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության ամրապնդման ճանապարհին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ԵՄ Խորհուրդը համաձայնություն էր ձեռք բերել հայկական արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով, որի արդյունքում կազատականացվեր դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։
Այս արտոնյալ պայմանավորվածությունն ուղեկցվում է որոշակի պայմաններով և ներառում է նաև պաշտպանական միջոցներ ԵՄ շուկայի համար, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա։