Պատերազմի վտանգը մեր երկրի գլխին կախվեց այն ժամանակ, երբ հայտնի քաղաքական գործիչները «հայրենասիրություն» անվան տակ «ոչմիթիզականություն» քարոզելով լուծեցին սեփական գրպանի և իշխանության հասնելու բաղձալի երազանքները:
Լևոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 1997 թվականի սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում, 1998 թվականի հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, ինչպես նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրարշավի ժամանակ խոսել էր Արցախի լուծման և դրանից հետո զարգացման հստակ ծրագրերի մասին:
Սեպտեմբերի 26-ի ասուլիսը բուռն քննարկման պատճառ դարձավ, ինչի հետևանքով էլ հրապարակվեց «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը։ Այսօր արդեն հետհայաց նետելիս հստակ է. առաջին նախագահի քաղաքական հաշվարկները ճիշտ էին, իսկ պոպուլիստ «ոչմիթիզականները»՝ սխալ:
«Այն լուծումը, որ կար, որքան ուշացնենք, դրա կեսը չենք ստանալու»,- պնդում էր նախագահը, բայց այդ օրերին ոչմիթիզականության պրոպագանդան խեղդում էր բոլոր տեսակի քննարկումները:
Այսօր արդեն իբրև ընդդիմություն դիրքավորված և վարչապետին երկիրը պատերազմի տանելու մեղադրանքներ հնչեցնող անհատների քաղաքական հայրերն են մեղավոր ստեղծված իրավիճակի և դառնալի հետևանքների համար: Սրանք նույն մարդիկ են կամ նույն մարդկանց հոգեզավակները, որոնք արգելք հանդիսացան 1997 թվականի խաղաղությանը:
1994-1997 թվականներին Ստեփանակերտը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար բանակցային կողմ էր և, ինչպես վերջիններս, լիարժեք իրավունք ուներ «վետո» կիրառելու: 1997-ին արցախյան հիմնախնդրի համար առաջարկված փուլային լուծումը, որը հայկական կողմի համար ամենաշահավետ տարբերակն էր, Ստեփանակերտը մերժեց՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ակնհայտ միջամտությամբ:
Վերջերս էլ համացանցում ընդդիմությունը մեծ ջանասիրությամբ մի նկար էր տարածում, որտեղ ներկայացված էին ներկա և նախորդ ղեկավարների օրոք ունեցած զոհերի թիվը։ Զավեշտալին այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակաշրջանին վերագրվում է 92, Սերժ Սարգսյանին` 228, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին` 7000 զոհ, առանց հաշվի առնելու, որ այդ 7000 զոհի կյանքի գնով է կերտվել մեր հաղթանակը, որը, չգիտես ինչու, վերագրվում է Քոչարյան-Սարգսյան զույգին, որոնք իրենց հանցավոր «ոչմիթիզականություն» մտածելակերպով այսօր կանգնեցրին նման ողբերգության առջեւ։ Մի ստոր կեղծիք էլ կա այդ պատկերում: Պատերազմի զոհերը Տեր-Պետրոսյանի խղճին են ներկայացնում, իսկ հաղթանակը՝ իրենցը, մոռանալով, որ այդ տարիներին Արցախի նախագահի պաշտոնն էլ զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը:
Կեղծիքների, ստերի, պատերազմի ու ավերվածությունների հետևանքներից էլ ցանկանում է օգտվել Վազգեն Մանուկյանը, ում ղեկավար դառնալու երազանքն այդպես էլ մնաց թղթին: Մանուկյանն այսօր սպառնում է ապստամբություն կազմակերպել, որի անհաջող փորձն արդեն մեկ անգամ արել էր 1996-ի սեպտեմբերի 26-ին։ Այս 25 տարիների ընթացքում ո՞րն է եղել Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի Արցախի հարցի լուծման առաջարկը: Այսօր էլ, եթե վերջինս ամբիոնից հայտարարում է, որ ստորագրված փաստաթուղթը փոփոխման ենթակա չէ, ինչպե՞ս է իր «շարժմամբ փրկելու հայրենիքը» (Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժում» խորհրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն է- խմբ.)։
Հեղինակ՝ Ալինա Դավթյան