Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բյուջետային կարգի քննարկման ընթացքում կարևոր է նաև մի քանի նորամուծությունների մասին խոսել մեր կառավարման համակարգում։ Կարծում եմ՝ շատ էական նշանակություն ունի այն, որ մենք 2027-ի հունվարի 1-ից համընդհանուր հայտարարագրման համակարգով կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»։ Այդ մասին 2027-ի բյուջեի նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համակարգի իմաստը և տրամաբանությունն այն է, որ քաղաքացիները համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց և հաստատելուց հետո իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել կուսակցություններին, ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, և ես շատ կարևոր եմ համարում Հայաստանում այս նորամուծությունը քաղաքական համակարգի, ՀԿ-ների զարգացման և ԶԼՄ-ների անկախության ապահովման համար։
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարում մեծ ֆինանսական հոսքեր կուղղվեն դեպի կուսակցություններ, ՀԿ-ներ և ԶԼՄ-ներ, բայց ասեմ նաև՝ դա մեծապես կախված է նրանից, թե իրենք՝ կուսակցությունները, ՀԿ-ները, ԶԼՄ-ները, ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվությունների կարիքը և անհրաժեշտությունը»,– նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այդ համակարգը։
Նրա խոսքով՝ դրա կայացման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը լինելու է ավելի անկախ, ավելի պետականակենտրոն, ավելի քաղաքացիակենտրոն։
«Կարծում եմ, որ այս համակարգը նաև ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում շատ կարևոր դերակատարում ունի, և մենք պետք է ակտիվ գործունեություն ծավալենք, որպեսզի հենց այս համակարգով կուսակցությունները, ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները ստանան նվիրատվություն»,– ընդգծեց վարչապետը։