Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։

Զեկույցով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդգծեց՝ առաջին բանը, որ պետք է ասել ակնհայտորեն բյուջեի մասին, բյուջեի եկամտային մասի ծավալներն են, և 2027-ի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ, որը կազմում է 10 միլիարդ դոլար։

Նրա խոսքով՝ պետք է արձանագրենք, որ 2017 թվականի համեմատ 2027-ի բյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191 տոկոս, այսինքն՝ 2017-ի համեմատ եկամտային մասը եռապատկվում է։

«Իհարկե, մենք իներցիայով համեմատություններն անում ենք 2017 թվականի հետ, որովհետև դա նախահեղափոխական վերջին տարին է, բայց հիմա մենք կարող ենք համեմատություններն անել 2021-ի հետ, որովհետև ընտրական նախորդ ցիկլի մասին է խոսքը, և եթե համեմատություն անենք 2021-ի հետ, ապա աճը կկազմի 114 տոկոս, այսինքն՝ շուրջ 2,1 անգամ»,- նշեց վարչապետը։

Հաջորդ արձանագրումը, որ արեց Փաշինյանը, կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017-ի համեմատ, 223 տոկոսով կամ 3,2 անգամ աճ, իսկ 2021-ի համեմատ 253 տոկոսով կամ 3,5 անգամ աճ։

«Կրթության ոլորտում աճը 2017-ի համեմատ պլանավորված է 181 տոկոս կամ կամ 2,8 անգամ, իսկ 2021-ի համեմատ աճը՝ 135 տոկոս կամ 2,3 անգամ, գիտության ֆինանսավորման աճը 2017-ի համեմատ 166 տոկոս կամ շուրջ 2,7 անգամ, իսկ 2021-ի համեմատ՝ 147 կամ շուրջ 2,5 անգամ»,- տեղեկացրեց վարչապետը։

Համայնքներին տրվող դոտացիաների ու սուբվենցիաների համատեղ թիվը 2017-ի համեմատ աչում է157 տոկոսով կամ 2,5 անգամ, իսկ 2021-ի համեմատ՝ շուրջ 70 տոկոսով կամ 1,7 անգամ։

Նրա խոսքով՝ կարևոր է պատասխանել մի հարցի՝ թվերը ներկայացնելուց հետո և հարցը հետևյալն է՝ շա՞տ է բյուջեն, թե՞ քիչ։

«Սա շատ կարևոր հարց է, բայց այս թեման արձանագրելով, ուզում եմ ասել՝ բյուջեն ընդհանրապես երբեք շատ չի լինում։ Աշխարհում երբեք գոյություն չի ունեցել և չի ունենալու երկիր, որը կասի՝ իմ բյուջեն շատ է, հետևաբար, ինչքան մեծանում է բյուջեն, այնքան մեծանում են կարիքները, ծախսերը և ակնկալիքները»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է արձանագրել՝ ինչ է ՀՀ պետական բյուջեն։ ՀՀ բյուջեն, ըստ նրա, ՀՀ քաղաքացիների և ՀՀ բնակիչների՝ ռեզիդենտների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են։

73