Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբևէ մտածե՞լ ենք՝ մենք ինքներս որքանո՞վ ենք նպաստում Երևանի խցանումների ավելացմանը։

Մեր ամենօրյա գործողություններով, երթևեկության կանոնները չպահպանելով, հաճախ նաև կոպտորեն խախտելով երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները։

Քանի՞սն են մեզանից մեքենա վարելիս հեռախոսով խոսում, լուսանկարվում, տեսանյութեր նկարահանում կամ զբաղվում նամակագրությամբ։

Քանի՞սն են մեզանից այդ ընթացքում ծխում, սնվում՝ ուշադրությունը շեղելով ճանապարհից և արհեստականորեն դանդաղեցնելով երթևեկությունը։

Կամ, օրինակ, խոչընդոտում մի ամբողջ շարքով սպասող մեքենաների բնականոն ընթացքը՝ վերջին պահին միացնելով թարթիչը և փորձելով ներխուժել հարևան գոտի՝ առանց հաշվի առնելու, որ այդ գոտում նույնպես մարդիկ են, որոնք համբերատար սպասում են լուսացույցի ազդանշանին։

Սրանք եզակի դեպքեր չեն։ Նշածս օրինակները հարյուրավոր, եթե ոչ հազարավոր են, որոնց ականատեսն ենք ամեն օր։

Իհարկե, Երևանի երթևեկության խնդիրները միայն վարորդների վարքագծով չեն պայմանավորված։ Բայց եկեք ինքներս մեզ էլ հարց տանք՝ ի՞նչ ենք անում մենք, որպեսզի իրավիճակը չբարդացնենք։

Քաղաքում երթևեկության որակը միայն ճանապարհների, խաչմերուկների կամ ենթակառուցվածքների հարց չէ։ Այն նաև մեր կարգապահության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի հարցն է։

Այս մասին գրել է Երևանի քաղաքպետի խոսնակ Ջուլիետա Մկրտչյանը։

220