Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 11-ինտեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում Համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման, լիազորությունների հստակեցման և ծառայության արդյունավետության բարձրացման հարցերն էին։

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։

Քննարկվել են Համայնքային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների միջև լիազորությունների տարանջատման, կրկնվող աշխատանքների բացառման, ծառայությանը ոչ բնորոշ պարտականությունները համապատասխան պետական մարմիններին փոխանցելու, ինչպես նաև աշխատանքային գործընթացների օպտիմալացման հնարավորությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջնահերթություններից է Համայնքային ոստիկանությանն անհարկի ծանրաբեռնվածությունից ազատելը՝ հնարավորություն ընձեռելով ծառայողներին առավելապես կենտրոնանալու իրենց հիմնական առաքելության՝ համայնքի հետ անմիջական աշխատանքի, հանցագործությունների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման վրա։

«Մենք 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով ենք որոշում կայացրել։ Այսինքն, կառուցվածքային տեսանկյունից․ որտե՞ղ է գտնվում, Ոստիկանության կառուցվածքում ի՞նչ գործառույթներ ունի։ Բայց պայմանավորվել ենք, որ հընթացս ավելորդ գործառույթներից բեռնաթափման պրոցեսը պետք է մեկնարկենք, որովհետև կան այնպիսի գործառույթներ, որոնք կարող են ամբողջ օրը զբաղեցնել համայնքային ոստիկանության ծառայողին, և համայնքի հետ աշխատանքի համար, ըստ էության, ողջամտորեն ժամանակ չի մնում։

Մեզ համար այս գործընթացն ի սկզբանե անընդունելի է եղել, բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տարբեր գերատեսչություններին գործառույթներ փոխանցելու գործընթաց ունեինք, որը գործընկերների համար ևս ժամանակ էր պահանջելու։ Օբյեկտիվորեն այժմ այն ժամանակահատվածում ենք, երբ պետք է ավարտենք այդ գործընթացները, որպեսզի Համայնքային ոստիկանությունն աստիճանաբար անցնի իր բուն գործառույթների իրականացմանը»,- նշել է ՆԳ նախարարը։

Անդրադառնալով Համայնքային ոստիկանության ներկայիս ծանրաբեռնվածությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ծառայությունն իրականացնում է բազմաբնույթ աշխատանքներ՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումներից մինչև ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ինչպես ոստիկանության ստորաբաժանումների միջև պարտականությունների հստակ բաշխումը, այնպես էլ այլ պետական մարմինների հետ իրավասությունների սահմանազատումը՝ յուրաքանչյուր կառույցի մասնագիտական առաքելությանը համապատասխան։

Մասնավորապես, քննարկվել է կալանավորված անձանց ուղեկցման գործառույթը Քրեակատարողական ծառայությանը փոխանցելու գործընթացը։ ՆԳ նախարարն ընդգծել է այն ամբողջությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով Արդարադատության նախարարության հետ հստակ և հնարավորինս սեղմ ժամկետների համաձայնեցումը։

Քննարկվել են նաև ոստիկանության իրավասությունների շրջանակում անձանց ուղեկցումը Ոստիկանության գվարդիայի միջոցով իրականացնելու հնարավորությունները՝ նպատակ ունենալով ապահովել լիազորությունների արդյունավետ բաշխում։

Ուշադրության է դարձվել նաև քաղաքացիներին ծանուցումներ հանձնելու՝ սովորույթի համաձայն ձևավորված, սակայն օրենսդրությամբ Համայնքային ոստիկանությանը չվերապահված պարտականությունից ծառայողներին ազատելու հարցին՝ կարևորելով համապատասխան իրավական և կազմակերպական լուծումների մշակումը։

Անդրադարձ է կատարվել նաև Քրեական և Համայնքային ոստիկանությունների միջև լիազորությունների բաշխմանը, ոստիկանության հենասյունային մյուս ծառայությունների իրավասությունների և պատասխանատվության շրջանակների հստակեցմանը, միջծառայողական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքային գործընթացների թվայնացման հնարավորություններին։
Նախարարն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը պետք է արտահայտվի ոչ միայն կառուցվածքային փոփոխություններով, այլև ոստիկանության ամենօրյա աշխատանքի տեսանելի և չափելի արդյունքներով։ Այս առումով կարևորվել են յուրաքանչյուր ծառայության հստակ մասնագիտացումը, մարդկային և մասնագիտական ռեսուրսների նպատակային օգտագործումը, աշխատանքների կրկնության բացառումը և հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել մասնագիտական քննարկումները, համակողմանի ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները, գնահատել դրանց իրականացման հնարավոր ռիսկերը և մշակել հստակ ժամկետներով ու պատասխանատվության սահմանված շրջանակներով գործնական լուծումներ՝ ապահովելու Համայնքային ոստիկանության հետևողական բեռնաթափումն ու ծառայության արդյունավետության բարձրացումը։

52