Կանայք գիշերը սրտի կանգից ավելի հաճախ են մահանում, քան տղամարդիկ, պարզել են սրտաբանները ԱՄՆ-ի Cedars-Sinai բժշկական կենտրոնում: Հետազոտությունը հրապարակվել է Heart Rhythm ամսագրում:
Սրտի հանկարծակի կանգը ռիթմի խանգարում է, որի ժամանակ սիրտը դադարում է բաբախելուց: Այն հաճախ շփոթում են սրտի կաթվածի հետ, որը տեղի է ունենում սրտանոթային զարկերակների արգելափակման ժամանակ: Ի տարբերություն դրա, սրտի կանգը կարող է չունենալ նախնական ախտանիշներ, իսկ ողջ մնալու հավանականությունը, եթե դա տեղի ունենա հիվանդանոցից դուրս, 10%-ից պակաս է: Սրտի կանգերի 17-ից 41%-ը տեղի են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան:
Հետազոտողները վերլուծել են սրտի հանկարծակի կանգի 4126 դեպքերի գրառումները: Պարզվել է, որ կանանց շրջանում դեպքերի 25.4%-ը տեղի է ունեցել գիշերը, տղամարդկանց՝ 20.6%-ը:
Անհասկանալի է, թե ինչն է կանանց ավելի խոցելի դարձնում գիշերը անսպասելի սրտի կանգից: Հետազոտողները խոստովանում են, որ պատճառը կարող է լինել դեռ չբացահայտված որոշ շնչառական առանձնահատկություններ, բայց այս հարցը դեռ ենթակա է ուսումնասիրման:
Բացի դրանից, ռիսկերն ավելի մեծ են այն մարդկանց մոտ, ովքեր գլխուղեղի շնչառական կենտրոնի վրա ազդող դեղեր են ընդունում։ Դրանցից են՝ հակադեպրեսանտները, ցավազրկողները և հանգստացնող այլ միջոցները:
Հետազոտողները ասում են, որ սա պետք է հիմք հանդիսանա դեղամիջոցների հետ ավելի զգույշ վարվելու համար:
Աղբյուր՝ 1in.am