Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիացի միլիոնատերերի մի խումբ ստեղծել է «Հայրենասեր միլիոնատերեր» լոբբիստական ​​կազմակերպության ազգային մասնաճյուղը և մտադիր է հասնել Ֆրանսիայում հարուստների հարկերի բարձրացմանը, հաղորդում է Bloomberg-ը։

Նախագահի ընտրությունից մոտ հինգ ամիս առաջ մեկնարկած նախաձեռնությունը գլխավորում են Societe Generale-ի նախկին գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Ուդեայի դուստրը՝ Էմանուել Ուդեան, և ձեռնարկատեր Մաքսիմ Քուրկջյանը։ Նրանք կարծում են, որ քաղաքական գործիչները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ հարուստ ֆրանսիացիները վճարեն իրենց հարկերի արդար մասնաբաժինը։

«Ես կոչ եմ անում նախագահի թեկնածուներին ապահովել, որ առավել հարուստ մարդիկ կատարեն իրենց պարտավորությունները հասարակության առջև»,- ասել է Ուդեան: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք պետք է արդար ներդրում ունենա հանրակրթական դպրոցների և հիվանդանոցների ֆինանսավորման գործում։

«Հայրենասեր միլիոնատերերը» քննարկել են նաև անհավասարության հարցը և հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ նշել. «Մինչ միլիոնատերերի կարողությունն աճում է, աղքատության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի»:

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր միլիոնատերեր» կազմակերպությունը գլխավորում է BlackRock Inc.-ի նախկին գործադիր տնօրեն Մորիս Փեռլը, որը մասնաճյուղեր ունի նաև Կանադայում և Մեծ Բրիտանիայում: Նա բազմիցս նշել է, որ իր նման հարուստ ներդրողները «շատ ավելի ցածր հարկեր են վճարում, քան նրանք, ովքեր աշխատում են ապրուստ վաստակելու համար»։

Շարժման ակտիվիստների թվում է նաև Walt Disney-ի հիմնադիրներից մեկի թոռնուհին՝ Աբիգեյլ Դիսնեյը: Այս ամսվա սկզբին ելույթ ունենալով Փարիզում կայացած համաժողովում՝ նա ասել է, որ քաղաքական գործիչները «ակնհայտ դժկամություն» են ցուցաբերում հարուստներին հարկելու հարցում, մինչդեռ հանրային ենթակառուցվածքներն անկում են ապրում:

355