AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը Տյումենի նավթի Եւ գազի համալսարանի շրջանավարտ, Տյումենի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում երեք տարի ուսանած, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Թագուհի Մանուկյանն է:

 

Թագուհի, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք շինարարի մասնագիտությունը:

Ես չեմ ընտրել, այլ կյանքը։ 5 տարեկանից երազել էի իրավաբան դառնալու մասին, ավելի հստակ՝ դատավոր կամ քննիչ։ Երբ կյանքի բերումով տեղափոխվեցինք ՌԴ, ամեն ինչ փոխվեց, բացի երազանքներից։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո դուրս եկա դպրոցից և որոշեցի ընդունվել քոլեջ, իսկ քանի որ իրավաբանական քոլեջ չկար, ստիպված գործերս տվեցի Պոլիտեխ, որը Տյումենում ամենահայտնին էր։ Սովորելով երկու տարի՝ հասկացա, որ սա իմը չէ և ես անպայման պետք է գնամ իրավաբանի ուղղությամբ։ Վերջը դարձա լրագրող։

Շինարարությունից իրավագիտութուն անցումը բարդ չէ՞ր:

Բավականին բարդ էր։ 5 տարի սովորել ինչպես տուն կառուցել, ներկել, սալիկապատել, պաստառել, տան նախագիծը ծրագրել ու գծել, գեոդեզիայի միջոցով չափումներ անել ու միանգամից անցնում ես պետության օրենքներին, սահմանադրությանը։ 

Հայաստանյան ու ռուսաստանյան կրթական համակարգերի հիմնական տարբերությունները կասե՞ք:

Դժվարանում եմ ասել։ Բայց տարբերությունը շատ մեծ է։ Մասնագետների առումով Ռուսաստանում որակը բարձր է։ Բայց մեծ հաշվով ուսանողից է գալիս ամեն ինչ, օրինակ՝ ինձ համար տարբերություն չկա։

Ի՞նչ առարակներ եք ուսումնասիրում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Ուսումնասիրում ենք ժուռնալիստիկայի տեսություն, հայոց լեզու, ռուսերեն, անգլերեն, պատմություն, էկոլոգիա, օպերատորություն։

Որո՞նք են այն հիմնարար հմտությունները, որոնց պետք է տիրապետի ապագա լրագրողը: Համալսարանում այդ հմտությունները սովորեցնու՞մ են ձեզ:

Ապագա լրագրողը պետք է գերազանց տիրապետի հայոց լեզվին։ Կարողանա ճիշտ շարադրել մտքերը, որպեսզի հոդվածը ստացվի գեղեցիկ և ընթերցելի։ Կարևոր հմտություններից պետք է տիրապետել լրագրության էթիկայի կանոններին։

Մովսես Խորենացու անվան համալսարանում ի՞նչ իրավագիտական առարկաներ եք ուսումնասիրում:

Սահմանադրական իրավունք, ՀՀ աշխատանքների իրավունք, ֆինանսների իրավունք, պետական իրավունքի տեսություն, արտասահմանյան երկրների պետության  և իրավունքի պատմություն, քաղաքացիական իրավունք, իրավապահ մարմինները ՀՀ-ում։

Երկու բուհում միաժամանակ սովորելը բարդ չէ՞:

Ոչ, մի տեղում առկա եմ, երկրորդ բուհում՝ հեռակա։ Մեկը մյուսին չի խանգարում։ Ավելին, զարգանում ես ու հետաքրքրություն է մտնում սովորելու մեջ։

Իրավունքի ո՞ր ճյուղում եք նախատեսում հետագայում խորանալ:

Փաստաբանական կամ քրեական։

Մի քանի մասնագիտություն ունենալը օգնու՞մ է, թե խանգարում:

Եվ օգնում է, և միևնույն ժամանակ խանգարում է։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, որոնք ուզում են միանգամից մի քանի մասնագիտություն ձեռք բերել:

Մի սխալվեք, ընտրեք մեկ մասնագիտություն և խորացեք ու զարգացեք այդ ուղղությամբ։ Սակայն դա յուրաքանչյուրի ընտրությունն է։ Վատամարդ դուրս չգամ (ժպտում է- խմբ.)։

Օլյա Շահինյան

22 Փետրվար, 2021 09:57
469
; ;