AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը ուսանողական կյանքի առանձնահատկությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Էլիդա Գրիգորյանն է:

Էլիդա, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: 

Երբեք չեմ փորձել մասնագիտությանս ընտրությանը մոտենալ պահանջվածության տեսակետից, չնայած, որ դա ճիշտ է ինչ-որ առումով. կարևոր է ընտրել շուկայում լավ իրացվող մասնագետ դառնալու ուղին: Բայց իմ դեպքում չափանիշները լրիվ այլ էին ու երբեմն իրար բացառող: Ես ծնողներիս հետ անցել եմ բոլոր հնարավոր մասնագիտական ընտրությունների վրայով, ուսուցիչներս միշտ իմ մեջ տեսել են իրավաբանի, ընդ որում՝ բոլոր առումներով. երբեք, ինձնից բացի, ոչ ոք չի կասկածել, որ իրավաբան եմ դառնալու, բայց միևնույն է, բարդ էր ընտրել մեկը ու միակը, երբ սիրում ես մաթեմատիկա, կենսաբանություն ...Անգամ, Օլյա ջան, եթե հիշես՝ մեր տանը միասին քննարկեցինք ու վերջնական որոշեցինք, որ բժիշկ եմ դառնալու, բայց հաջորդ օրը ավագ դպրոց գնալու ու հոսք ընտրելու ճանապարհին որոշեցի հասարակագիտական հոսքն ընտրել` իրավաբան դառնալու փոքր երազանքով, որը հիմա վերածվել է հստակ ու շատ կայուն նպատակի, քանի որ հիմա հաստատապես տեսել եմ մասնագիտությանս դեռ ոչ ամբողջ, բայց իրապես ուժեղ ու շքեղ լինելը: Վերջապես տեսել եմ ինձ`մասնագիտությանս մեջ, իսկ դա կարևորագույնն է:

Ինչո՞ւ նախապատվությունը Երևանի պետական համալսարանին տվեցիք:

Այս հարցին կարող եմ կարճ պատասխանել. ի տարբերություն մասնագիտության ընտրությանը, բուհի հարցում վստահ եմ եղել: Մտքումս ու սրտումս միշտ եղել է ԵՊՀ-ն` իր մասնագիտական կրթությամբ ՀՀ-ում եզակի կառույցը: Իրավաբանի ճիշտ ու անշեղ գիտելիքների, կեցվածքի ու շրջապատի հարցում ԵՊՀ-ն անփոխարինելի է:

ԵՊՀ  իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

Անցկացնելով իմ ուսումնառության դեռ առաջին տարին` արդեն իսկ տեսնում եմ մասնագիտությանս տված հնարավորությունները` ոլորտային բազմազանության իմաստով: Ճյուղավորումները շատ են ու մեկը մյուսից հետաքրքիր: Փաստաբանությունը ներկայիս պահանջված ոլորտներից է, դատական գործը` քրեական, քաղաքացիական, սահմանադրական գծով, կան նաև մասնագիտացված դատարաններ`վարչական, սնանկության գործերով և նոր ձևավորվող հակակոռուպցիոն դատարաններ: Այս բոլոր ու էլի բազմաթիվ ոլորտներում կարող է աշխատել լավ ու որակով իրավաբանը:

Ի՞նչ առաջնահերթ հատկանիշներ պետք է ունենա իրավաբանն իր մասնագիտության մեջ հաջողելու համար:

Հաջողելու համար միշտ նույն հատկանիշներն են պետք` աշխատասիրություն, համառություն ու աննկունություն, հետաքրքրասիրություն ու նորը իմանալու ձգտում, ստեղծագործականություն և , իրավաբանի դեպքում, սովորականից մի փոքր ավելի սրություն: Բայց բոլոր այս հատկանիշները միանշանակ կարող են լինել ձեռքբերովի:

Ի՞նչ եք կարծում. մեր երկրում այդքան շատ իրավաբանների պահանջարկ կա՞:

Մեր երկրում որակյալ իրավաբանների պահանջարկ կա  ու միշտ կլինի: Առհասարակ, մեր երկրում որակի պահանջարկ կա, իսկ դա հուսադրող է: Իրավաբանները` իրենց բոլոր նեղ ոլորտային մասնագիտացումներով, անհրաժեշտությունից բխող պահանջարկ ունեն:

Ի՞նչ առանցքային առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ-ում:

Առաջին կուրսում ծանոթանում ենք իրավագիտության այբուբենին: Մեր դասախոսները անգամ ոչ մասնագիտական առարկաներն են մատուցում իրավունքի երանգով, իսկ 1-ին կուրսում առանցքային առարկան «Պետության և իրավունքի տեսությունն» է:

Ո՞ր ուղղությամբ եք նախատեսում շարունակել մագիստրատուրան:

Ապագային վերաբերող կանխատեսումներ չանելով` չեմ շտապի դեռ այս հարցին միանշանակ պատասխան տալ: Տատանվում եմ դեռ....

Ի՞նչ մասնագիտական գրքեր եք ընթերցել, որոնք նաև խորհուրդ կտաք Ձեր կոլեգաներին:

1-ին կուրսեցու ծանրաբեռնվածությունից ելնելով` տարեկիցներիս խորհուրդ կտամ հասցնել կարդալ Սահմանադրությունը:

Համալսարանաից զատ, լրացուցիչ պարապունքների կամ դասընթացների հաճախո՞ւմ եք՝ Ձեր մասնագիտական գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար:

Համալսարանում մեծ ցանկության դեպքում էլ չես կարող անմասն մնալ ներհամալսարանական տարբեր միջոցառումներից ու դասընթացներից, որովհետև դրանք գիտելիքի ու փորձառության հսկայական աղբյուր են: Ես բանավիճելու արվեստը շարունակել եմ նաև համալսարանում` դառնալով մասնագիտական բանավեճի 1-ին տեղի մրցանակակիր, նաև «Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի» շրջանավարտ եմ: Բազմաթիվ հանձնաժողովներում եմ ներգրավված ու փորձում եմ համալսարանական կյանքը արդյունավետ ու ստեղծագործ դարձնել:

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք Երևանի պետական համալսարանի ապագա ուսանողներին:

Պարզապես եղեք ակտիվ, նախաձեռնող ու ստեղծարար, դրսևորեք ու զարգացրեք ձեր ունակությունները, փնտրեք ու կգտնեք ձեր հարցերի բոլոր պատասխանները։

Օլյա Շահինյան

 

8754