Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլղարիայի կառավարությանը ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ, մաղթելով Ձեր երկրին առաջընթաց և բարգավաճում:

Հայ-բուլղարական դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը: Հենց այս հենքի վրա կառուցեցինք մեր միջպետական հարաբերությունները, որոնք նոր որակ ստացան վերջին տարիներին:

Վստահ եմ, որ երկու կառավարությունների միջև հաստատված երկկողմ և բազմակողմ համագործակցությունն ավելի կզարգանա ու կամրապնդվի, և համատեղ ջանքերով մենք կկարողանանք զգալի առաջընթաց արձանագրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:

03 Մարտ, 2021 13:48
82
; ;