
Հայաստանից մաքուր պղինձ չի արտահանվում։ Արտահանվում է ԱՏԳ ԱԱի 2603 կոդով ապրանքը, որը մաքսային վիճակագրության մեջ կոչվում է ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՔԱՐ ԵՎ ԽՏԱՀԱՆՔ։
2020թ. Հայաստանից արտահանվել է 509.8 հազար տոննա, որի մաքսային արժեքը կազմել է 604.4 մլն դոլար։ Ըստ այդմ՝ 1կգ-ի արժեքը կազմել է ընդամենը 1.2 դոլար։
Մաքուր պղնձի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Օրինակ, նույն 2020 թ. ՀՀ ներմուծված 76 հազար տոննա պղնձալարի (ԱՏԳ ԱԱ 7408) մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 4.9 դոլար։ Անգամ ջարդոնի տեսքով պղինձն է (ԱՏԳ ԱԱ 7404) իր արժեքով անհամեմատ բարձր՝ 1կգ-ը 4.6 դոլար։
Համեմատեցի՞ք 1.2 դոլարը 4.6 դոլարի հետ։ Եթե արտադրական ցիկլը խորացվեր, և մենք արտահանեինք ոչ թե խտանյութ, այլ պղինձ, մեր տնտեսությունը դրանից միանշանակ կշահեր։ Դրա համար անհրաժեշտ է պղնձաձուլարան:
Ալավերդու պղնձաձուլարանը չի շահագործվում: Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, այն պղինձ չի արտադրում։ ԶՊՄԿ-ն արդյունահանում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր։
Բաբկեն Թունյան