Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1,000,000 դոլար է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։

 

Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:

 

ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. «Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին՝ հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»:

 

Համավարակի բռնկումից մինչ օրս Միացյալ Նահանգները սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման և COVID-19-ի դեմ արձագանքն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համագործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում, ինչպես նաև դիմակայունության խթանում փոքր բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝

դրամաշնորհների տրամադրման միջոցով:

 

ԱՄՆ-ը շարունակում է գլոբալ առաջնորդություն ցուցաբերել միջազգային առողջապահության և COVID- 19 համավարակի դեմ պայքարում հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում։ Այս ամենի հիմքում ընկած է 2001 թվականից ԱՄՆ Կառավարության ավելի քան $140 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակությունը գլոբալ առողջապահական ծրագրերին և տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը:

07 Ապրիլ, 2021 10:34
78
; ;