Ռուս ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ուրբանիստ Անդրեյ Իվանովը հայ հասարակությանն ու արվեստասերներին է ներկայացրել իր՝ «Գյումրի՝ սև տուֆի վերնակուլյարը» գիրքը։ Գյումրի 20/25 հիմնադրամի աջակցությամբ հրատարակված գիրքը գրված է ռուսերենով։

Հեղինակը լուսանկարների ու վերլուծական տեքստերի միջոցով ներկայացրել է Ալեքսանդրապոլ – Լենինական – Գյումրի ժամանակաշրջանների ճարտարապետությունը, քաղաքին հատուկ ուրույն շինարարական ոճն ու պատմական միջուկի սև-կարմիր քարերի համադրությամբ կառուցված շքեղ  առանձնատների  ինքնատիպությունը: Մինչ այս Անդրեյ Իվանովը ևս մեկ գիրք է հրատարակել մայրաքաղաքի Կոնդ թաղամասում պահպանված ամենահին շինությունների մասին:

Ալեքսնադրապոլ – Գյումրին առանձնացել է իր ճարտարապետությամբ ու շենքերի կառուցման ինքնատիպ լուծումներով: Դեռ 19-րդ դարում քաղաքի հայտնի առևտրական ընտանիքներն իրենց շքեղ  առանձնատների կառուցման համար քաղաք էին հրավիրում ճարտարապետների Թիֆլիսից կամ Եվրոպայից, իսկ որոնց անհասանելի էին դրսի ճարտարապետների ծառայությունները, տեղացի արհեստավորաց վարպետների էին դիմում։ Սև ու կարմիր տուֆի համադրությամբ շենքերը կարճ ժամանակում դարձան Ալեքպոլի դիմագիծը, սկիզբ առավ ժողովրդական ճարտարապետությունը:

 

Ժողովրդականին հետո զուգորդվում է վերնակուլյար ճարտարապետության ուղղությունը, երբ կար քաղաքի պաշտոնապես հաստատված հատակագիծ, բայց բնակիչներն իրենք էին որոշում կառուցվող տների ու շենքերի ոճը, ճարտարապետությունն ու անգամ քարերի գույնը:

 

«Կարծում եմ՝ Գյումրին դա կենդանի վերնակուլյար քաղաք է: Սա մի քաղաք է, որտեղ կա ճարտարապետության յուրօրինակ ձեռագիր: Հնում դա անվանել են ժողովրդական ճարտարապետություն, իսկ ես դա համարում եմ վերնակուլյար ճարտարապետություն, որը սկիզբ է առել այստեղ և այն միայն կարելի է տեսնել այս տարածքում, ուրիշ ոչ մի տեղ այսպիսի գեղեցիկ կառույցներ գտնել չես կարող»,- SHANTNEW.am-ի հետ զրույցում նշում է ռուս ճարտարապետը։

Անդրեյ Իվանովը երկու տարի ուսումնասիրել է Գյումրիի ճարտարապետությունը, որը հիմա էլ շարունակում է, շրջում է փողոցներով, լուսանկարում գյումրեցի վարպետների կառուցած շենքերն ու շինությունները: Ասում է՝ նախանձում եմ տեղացիներին ճարտարապետական այսպիսի շքեղության մեջ ապրելու համար: Օտարի աչքերով քաղաքի պահպանված հին շենքերը անգնահատելի արժեք ունեցող հարստություն են, Գյումրիի պատմական միջուկը ուղղակի հրաշալիք է:

 

«Երևանը շատ հայտնի քաղաք է, բայց, ցավոք, պատմական թաղամասերն ու շինությունները գրեթե չեն պահպանվել, քանդել են ու շարունակում են դեռ քանդել: Իսկ Գյումրիում հակառակը՝ փորձում են հենց կենտրոնի հնությունն ու գեղեցկությունը պահպանել, դրա համար էլ ինձ Գյումրին գրավեց, Գյումրիից բացի, ցավոք, Հայաստանում ամբողջությամբ պահպանված հին քաղաք չկա»,- նշել է Իվանովը։

Անդրեյ Իվանովը 350 էջանոց գրքում ներկայացնում է գյումրեցի վարպետների ստեղծած քանդակազարդ  քարե գոտիների, կամարակապ շքամուտքերի ու թռիչքաձև հորինվածքների մասին մասնագիտական մոտեցումները, հին ու նոր լուսանկարներով համեմատում քաղաքի երեք ժամանակաշրջանների ճարտարապետական ոճն ու ներկայիս կառուցապատումների առանձնահատկությունները:

 

«Մի քանի շինություններ քաղաքում ինձ համար ուղղակի շեդևրներ են․․․ Աշխատանքի նրբությունը քարի հետ աննկարագրելի է»,- ասում է Անդրեյ Իվանովը։

 

Ռուս ճարտարապետը դեռ Գյումրի վերադառնալու է՝ քաղաքի հին ճարտարապետության շերտերը  բացահայտելու համար։ Առաջիկայում կներկայացնի իր նոր աշխատությունը, որտեղ կներառվեն քաղաքի պատմական ժառանգությունն ու այն կառույցները, որոնք թաքնված են հին բակերում ու շատերին դեռ մնում են անհայտ:

255