Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին 2021-ին նորոգվելու է 5 պոլիկլինիկա: Ինչպես  տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Ըստ աղբյուրի՝ շուրջ 55 հազար բնակչություն ունեցող Ավանի միակ՝ h. 12 պոլիկլինիկայի բոլոր հարկերում սանհանգույցների դռները տարիներ շարունակ փակ էին կամ դրանցից օգտվելը մարդկային մեծ կամք էր պահանջում: Երևանի քաղաքապետարանն այս տարի իր միջոցների մի մասն ուղղեց պոլիկլինիկաների սանհանգույցների նորոգմանն ու դռների փոխարինմանը:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին նորոգվելու է 5 պոլիկլինիկա: Միայն հ. 12 պոլիկլինիկայում կնորոգվի 14 սանհանգույց, կփոխարինվի 241 դուռ».- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Երևանի պոլիկլինիկաների շենքերը հիմնականում կես դարից ավելի հին պատմություն ունեն: Տարիների ընթացքում մի տեղ պատուհաններն են փոխվել, մյուսում՝ տանիքը նորոգվել:

«2021 թվականի առաջանահերթություններից էր սանհանգույցների վերանորոգումը: Ամենակարևորն այն է, որ առաջին հարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույց կլինի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան հեշտորեն օգտվել»,- ասում է «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Գայանե Մարգարյանը:


«Բուժօգնության առաջին օղակի 5 շենքերը նոր, հարմարավետ պայմաններով կաշխատեն մի քանի ամսից, երբ շինարարությունն ավարտվի: Շինությունները նորոգվում են նաև սեփական խնայողության հաշվին: Առողջապահության ոլորտի զարգացմանը միտված քաղաքային իշխանության ծրագրերը շարունակական են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Քաղաքապետի կողմից կա հանձնարարական, որ շարունակվի պոլիկլինիկայի վերազինումը: 44 անուն բուժսարքավորում է ձեռքբերվելու այս տարի: Առաջիկա երկու ամսվա ընթացքում կսկսվի մատակարարումը»,- ընդգծում է Կամսար Բաբինյանը:

522