Նախ և առաջ պետք է պարզել՝ թե ինչ է կատարվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու շուրջ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված այն լուսանկարներն ու տեսանյութը, որոնցում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին պատերին նկատելի են ադրբեջանցիների կողմից տեղադրված շինարարական աստիճանահարթակներ:

«Մի բան պարզ է, որ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը: Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու նրանց ինքնությունը փոխելը՝ դարձնելով, այսպես կոչված, աղվանական, մշակութային ցեղասպանության դրսևորումներից են: Այդ տեսանկյունից վտանգված են գրեթե բոլոր հայկական պատմամշակութային հուշարձանները: Այն հայկական կոթողները,որոնք Ադրբեջանը չի կարող ոչնչացնել, քանի որ ճանաչված են աշխարհով մեկ ու լայն հնչեղություն ունեն, փորձելու է յուրացնել՝ դարձնելով շինծու ինչ-որ մշակույթի կոթողներ: Նման երևույթները խստորեն դատապարտելի են և ցույց են տալիս Ադրբեջանի իրական պատկերը»,-ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ այդ ամենից պետք է դասեր քաղել՝չհեռանալով ազգային արժեքներից ու սկզբունքներից:

Անդրադառնալով միջազգային համապատասխան կառույցների անելիքներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների,Արցախի արտգործնախարարը նշեց, որ այդ կապակցությամբ պարբերաբար դիմում են միջազգային կառույցներին :

«Շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Մենք պետք է աշխատենք միասին՝ Մայր Հայաստանի ու Սփյուռքի հետ:Այն ինչ կատարվում է հայկական մշակութային կոթողների հետ՝ նույնն է, ինչ իրագործում էին ահաբեկիչները Աֆղանստանում, Պալմիրայում Սիրիայում, Միջագետքում և այլն: Սա նույն ոճն է, բայց այստեղ ավելի վատ՝պետական մակարդակով է իրականացվում»,-ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից որդեգրված նման պահվածքը՝ ցեղասպանության նախօրեին,  ոչ այլ ինչ է, քան սատարում ցեղասպանությանը:

873