ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացվեն համատեղ ջանքերը:

«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։

Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։

Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»,- ասել է Արա Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ անդրադարձ է կատարվել  նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին:

«Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը:

Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը»,- նշել է Այվազյանը:

338